Հայերեն   English   Русский  

Վանեցյանը պատրաստ է պատասխան տալ, եթե պարզվի, որ Սանասարյանին ապօրինությամբ է մեղադրանք առաջադրվել


  
դիտումներ: 559

Արթուր Վանեցյանն այսօր անդրադառնալով ԱԱԾ-ի դեմ վերջին շրջանում հնչող մեղադրանքներին՝ լրագրողների հետ զրույցում ասել է,

որ արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի և իր անձի շուրջ, ինչը անհասկանալի է: Ըստ նրա այն հայտարարությունները, որ արվում են հարուցված քրեական գործերի վերաբերյալ, ակնհայտ ուղորդված են:

«Ազգային անվտանգության ծառայությունը անում է իր աշխատանքը շատ մաքուր ու թափանցիկ, օրենքի բոլոր կետերին համապատասխան: Եթե կլինի մի դեպք, երբ Հայասատանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե´ օրենքի առջև, թե´ հասարակության առջև, այդ օրը ես այլևս չեմ աշխատի ԱԱԾ-ում: Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ ստեղծել ԱԱԾ-ի շուրջ: Ազգային անվտանգության ծառայությունը այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն, և որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով: Եթե կա մարդ, ով օրենք է խախտել, անկախ նրանից այդ մարդը զբաղեցնում է պաշտոն, որևէ կառույցի ղեկավար է, նույն կերպ պատասխան է տալու օրենքի առջև ոնց որ բոլորը»,-ասել է Արթուր Վանեցյանը:

Այն հարցին, թե ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանին արդյո՞ք մեղադրանք է առաջադրվել, որովհետև իրենք վախենում էին վերջինիս ղեկավարած կառույցի ստուգումներից, Վանեցյանը նշել է, որ իրենք երբեք էլ չեն վախեցել այն հանգամանքից, որ Պետական վերահսկողակն ծառայությունը կարող է ԱԱԾ-ում ստուգումներ անել և ինչ-որ խախտումներ բացահայտել:

«Ո՞վ է ասել, որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է մեր մոտ ստուգումներ անել: ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն մեր ֆինանսաբյուջետային հաշիվները: Մնացած դեպքերում ԱԱԾ-ին ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը»:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Վանեցյանը հրաժարական կտա, եթե պարզվի, որ անհիմն է եղել Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված մեղադրանքը, ԱԱԾ պետը պատասխանեց, որ Դավիթ Սանասարյանը չի տարբերվում Հայաստանի սովորական քաղաքացիներից, բոլորն էլ հավասար են օրենքի առաջ, բայց այն օրը, երբ կապացուցվի, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինություններ ու կեղծիքներ թույլ տալով, ապա դրանք թույլ տված ԱԱԾ աշխատակիցները, այդ թվում նաև ինքը պատասխան կտան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: