Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու դրդիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Կորյուն Գրիգորյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա հասարակական կազմակերպության անդամներ Կորյուն Գրիգորյանը և Արսեն Սիմոնյանը խոսեցին մարտի մեկյան հայտնի իրադարձությունների և դրանց մեղավորների մասին:
«Մարտի 1-ի բախումների, զոհերի համար կա մեկ հստակ մեղավոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ հավաքել էր այդքան բազմություն ու թողել անկազմակերպ վիճակում, պարզ գիտակցելով, որ դա բերելու էր այն հետևանքներին, որոնք եղան: Խնդիրը հետևյալն է, որ Լևոն Տեր Պետրոսյանը լինելով մարդ, ով շատ լավ տիրապետում էր մանիպուլյացիաներին, շատ լավ ստրատեգ էր, մարդ, ով պարտվելով ճակատամարտում կարող էր հաղթել պատերազմը, նախընտրեց զոհերի և բախումների միջոցով քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել»,-ասում է Կորյուն Գրիգորյանը:
Վերջինս նշում է, որ ցույցերի ժամանակ ինքը որպես ակտիվիստ եղել է ցուցարարների և առաջնորդների կողքին, շփվել է նրանց հետ ու կարող է փաստել, որ ցուցարարների շարքերում կային մարդիկ, որ ցանկանում էին՝ ցույցերը զարգանան ոչ թե խաղաղ ձևով, այլ ջարդ ու փշուր անելով, հաշվեհարդար տեսնելով ու կարծում էին, որ նման ձևով կհասնեն իշխանափոխության:
«Եթե հաշվի առնենք մարտի մեկի առավոտյան տեղի ունեցած դեպքերը՝ ոստիկանների բիրտ գործողությունները, ապա հստակ էր, որ պետք է տեղի ունենար այն, ինչ կատարվեց: Այստեղ միակ մարդը, որ կարող էր կառավարել իրավիճակը, ամեն ինչ պահել օրենքի դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանն էր, բայց դա նրան ձեռնտու չէր: Ինքը իրեն ապահովագրեց հայտնի տարբերակով, ասելով, որ իրեն տնային կալանք են տվել: Բայց բարեբախտաբար վերջերս ՄԻԵԴ-ի որոշումը ապացուցեց այն փաստը, որ ինքը ազատ է եղել տեղաշարժման հարցում: Բայց եթե կարող էր անմեղ զոհերի գնով հասնել ցանկալի արդյունքի, ինչու՞ գար, ինչու՞ փոխեր իրավիճակը: Ամեն ձև խրախուսվում էին բախումները ցուցարարների և ոստիկանների միջև: Իհարկե կային նաև խաղաղ ցուցարարներ, որոնց նպատակը խանութներ թալանելը, մեքենաներ այրելը կամ ոստիկանների հետ բախումների գնալը չէր: Անգամ ներկայիս վարչապետը, որ հիմա համերաշխության կոչեր է անում, այն ժամանակ հայտարարում էր, որ հոգին փառավորվում է, երբ ոստիկաններից որևէ տարածք են ազատագրում, կարծես իսկական պատերազմական գործողությունների ներկա լինեինք»,-ասում է Արսեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը անհանգստանալու ու կորցնելու ոչինչ չուներ, քանի որ որդուն երկրից դուրս էր հանել, իսկ ինքը պետական պաշտպանության տակ էր, իսկ Ալիկ Արզումանյանի և Լևոն Տեր Պետրոսյանի հեռախոսազրույցները, որ գաղտնազերծվել են, ցույց են տալիս, որ վերջինիս համար մտահոգվելու պատճառ չէր այն, որ խանութներ են թալանվում, բախումներ են տեղի ունենում:
«Մեր նպատակն է հասնել գործի արդար բացահայտմանը: Ներկայիս վարչապետը հայտարարում է, որ համակողմանի քննություն է տեղի ունենալու, բոլորը պատասխան են տալու, հարց է առաջանում, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ մինչ այսօր քրեական գործ չի հարուցվում, ինչու պատասխան չեն տալիս բարիկադի երկու կողմերում կանգնած անձինք, ովքեր հավասարաչափ մեղավոր են»,-ասում է Կորյուն Գրիգորյանը:
Նա նաև նշում է, որ պատրաստ են աջակցել, օգնել գործի քննությանը, միայն թե ինչ-որ մեկը եթե գոնե փոքր չափով մեղավոր է, պատասխանատվության ենթարկվի: