Հայերեն   English   Русский  

Ինձ պետք չի վարչապետի պաշտոնը պահել. Փաշինյան


  
դիտումներ: 435

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի և գործունեության փոփոխության մասին օրենքի նախագիծը,

որով նախարարությունները օպտիմալացման արդյունքում 17-ից դառնալու են 12-ը: Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները թե առաջին, թե երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ ըստ նրանց, Կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նպատակ ունի Կառավարության նոր կառուցվածքով սուպերվարչապետական երկիր դարձնել Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Կառավարության կառուցվածքի փոփոխությանը և ընդիմության հայտարարություններին՝ ասաց, որ իրենք բազմիցս ապացուցել են, որ նպատակ չունեն սուպեր վարչապետական երկիր ստեղծել:

«Եթե ես ուզում եմ սուպերվարչապետական երկիր ստեղծել, ապա կասե՞ք, թե սուպերվարչապետը ինչու է կանգնում լուսացույցի կարմիր լույսի տակ, սուպերվարչապետը ինչու՞ է 5 մամուլի ասուլիս տալիս, ո՞ր սուպերվաչապետն է դատարանում ցուցմունք տալիս: Սուպերվարչապետը նա է, ով ասում է դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինինը՝ քեզ, ես ստեղ փայ ունեմ, էն մյուսն էլ՝ ստեղ, ստեղ գյուղապետ պետք է ընտրվի էսինչը, դատավորները թող ինձ հետ համաձայնեցնեն իրենց որոշումները: Սուպերվարչապետական համակարգը, որ ես քննադատել եմ, սա եմ ի նկատի ունեցել, և այսօր սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է: Սուպերվարչապետական համակարգը այն համակարգն է, որ ինչ-որ խումբ կամ անհատ պահում է իշխանությունը և ասում է՝ ոչ մեկին չեմ տա, բայց ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը ժողովրդինն է: Ինձ պետք չի վարչապետի պաշտոնը պահել: Ես էստեղ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներկայացուցիչ եմ, և եթե սխալ եմ անում, քաղաքացին թող դատի ինձ»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է արձագանքում ցանկացած հայտարարության կամ բամբասանքի, Փաշինյանը նշել է, որ իր համար ցանկացած պարագայում կարևորը ճշմարտությունն է, և ինքը շարունակելու է արձագանքել ցանկացած ապատեղեկատվության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: