Իշխանափոխության գործընթացը սկսվել է. Լևոն Շիրինյան
Նրա խոսքով` ՀՀԿ-ի խորհրդում քաղաքական պայքարը սկսվեց ոչ կոռեկտ շեշտադրումներով: Կուսակցական ուժերի մոբիլիզացիա հռչակվեց: Ազգային անվտանգության նիստ հրավիրելուց հետ պարզ է , որ դա արդեն կարող է կոչվել նաև պետական մոբիլիզացիա: ԲՀԿ-ն ևս մոբիլիզացրել է կուսակցական ուժերը:
«Այսպիսով, կարելի է ասել, Հայաստանում իշխանափոխության գործընթացը սկսվել է: Ինչ արդյունք կլինի` կապրենք-կտեսնենք:Իշխանությունները կհենվեն իշխանական ռեսուրսների վրա: Քաղաքակիրթ երկրներում հնարավոր չէ օգտագործել պետական ռեսուրները ընդդիմության դեմ պայքարում, սակայն մեզ մոտ կարելի է: Իսկ ընդդիմությունը մարդկային զանգվածների ռեսուրսի վրա հույս պետք է դնի», - ասաց Լևոն Շիրինյանը:
Նա հավանական չի համարում այն կարծիքը, թե նախագահի հայտարարությունից հետո շատերը կլքեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Այս միջադեպից հետո հնարավոր է ավելի շատ լքեն Հանրապետական կուսակացությունը, քան ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն հավաքված է ոչ թե գաղափարի, այլ Սերժ Սարգսյանի շուրջ, իսկ Սերժ Սարգսյանը ավարտում է իր նախագահության երկրորդ փուլը»:
Նա շեշտեց, որ պետական շահը պահանջում է, որ այդ հակամարտությունը խաղաղ ընթանա. «Հայաստանի ժողովուրդը որպես միակ սուվերեն տարր, պետք է պահանջի, որ ամեն ինչ ընթանա «փափուկ» պայքարում»:
Անդրադառնալով այն մտավախություններին, թե այս իրավիճակը կարող է բռնությունների և ռեպրեսիաների պատճառ դառնալ, Լևոն Շիրինյանն ասաց. « Եթե մարդիկ ակտիվորեն մասնակցեն, ռեպրեսիաներ չեն լինի: Հայաստանը թեև ընկճված է, մարդիկ թեև աղքատ են, սակայն մտավոր զնագվածը գոնե պետք է իմանա, որ Տիգրան Մեծ կայսրության և Նարեկացու ժառանգության կրողն է»
Քաղաքագետը սխալ է համարում այն կարծիքները, թե նման իրավիճակ չպետք է ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ. «Պարզ է, որ նրանք, ովքեր մտադիր են իշխանությունը պահել ևս 1000 տարի, կողմ կլինեն ազգային միասնականությանը: Սակայն երկիրը ճգնաժամ է ապրում, և հարցերը պետք է լուծվեն: Եթե չեք ցանկանում, որ էլի ապրիլի 24 լինի, պետք է պայքարել»: