Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարված ներարկումը 8 մարդու տեսողության խանգարման պատճառ է դարձել
Հիվանդները ներարկումից հետո սկսել են միայն լույս ու ստվեր զգալ: Կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի ղեկավարը դրանից հետո հապշտապ վիրահատություններ է սկսել, 8 հիվանդներից հինգին վիրահատել են, իսկ 3-ը դեղորայքային բուժմամբ է հաղթահարելու ներարկման հետևանքով առաջացած խնդիրները:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի ղեկավար Արմեն Վարդանյանն ասում է, որ բոլոր հիմքերն ունեն մտածելու, որ տուժած հիվանդները չեն կորցնելու տեսողությունը: Ըստ նրա՝ արդեն հիվանդների մեծ մասի մոտ վերականգնվել է տեսողությունը:
Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի նախնական գնահատմամբ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները: Այժմ կատարվում են լաբարատոր մի շարք համաճարակային հետազոտություններ:
Պարզվել է, որ հիվանդներին ներարկվել է շվեցարական Roche ընկերության արտադրած Avastin հակաուռուցքային դեղը, որը ըստ Մալայան կենտրոնի աշխատակիցների միշտ օգտագործվել է կենտրոնում: Նշենք, որ այս դեղը Հայաստան է ներկրում Natali Pharm ընկերությունը:
Մալայան կենտրոնում տեղի ունեցած դեպքից հետո Natali Pharm ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.
«Այսօր տեղեկացանք, որ Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում 8 բուժառու կանգնել են տեսողության բարդ խնդրի առաջ Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված դեղամիջոցի կիրառման արդյունքում։
Այս մասին գրել էր Հրապարակ օն_լայն պարբերականը, որը նշել էր, որ հետազոտման արդյունքում դեղի մեջ հայտնաբերվել է ինֆեկցիա, ինչն էլ հանդիսացել է հիվանդների մոտ տեսողության վատացման պատճառ։
Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։ Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։
Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։
Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։
Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։
Ցավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:
Մասնագետները նշում են, որ Avastin հակաուռուցքային դեղի օգտագործման ժամկետը սրվակը բացելուց հետո 24 ժամ է, սակայն պարզվել է, որ կենտրոնի աշխատակիցները սրվակը բացելուց հետո այն օգտագործել են 2 օրվա ընթացքում: Այժմ համաճարակային հետազոտությունը կատարվում է ներարկիչներից վերցված նմուշների հիման վրա, քանի որ սրվակը այդպես էլ չեն կարողացել գտնել հիվանդանոցում: Լաբորատոր հետազոտության վերջնական պատասխանները պատրաստ կլինեն երկու շաբաթից: Այժմ ներարկումներից տուժած քաղաքացիները ակնաբույժների հսկողության տակ են գտնվում: