Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին
Նիստի սկզբում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմելով դատավոր ԴավիթԳրիգորյանին՝ նրան մեղադրեց կողմնակալ վերաբերմունքի համար, քանի որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատական նիստերի դահլիճ էր մտել հենց դատավորի համար նախատեսված դռնից: Իրավաբան Վահե Գրիգորյանը, ով մարտի մեկի 10 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է, ասաց, որ ինքն էլ է մտել այդ դռնից, քանի որ ցուցարարներն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ընդհանուր դռնից: Նա պահանջեց դատարանից կարգավորել իրավիճակը, քանի որ Քոչարյանի պաշտպանների նման հայտարարությունները կարող են լուրջ ընդունվել հանրության կողմից:
Նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ինքնաբացարկի միջնորդություն են պատրաստվում ներկայացնել դատավորին:
«Հարգելի դատարան խնդրում եմ մեզ տալ ողջամիտ 40 րոպե ժամանակ, որպեսզի գրավոր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք դատավորին»,-ասաց Հայկ Ալումյանը:
Դատարանը ընդունեց այս միջնորդությունը: Այս պահին դատական նիստը ընդմիջվել է: Քոչարյանի փաստաբանները կազմում են դատավորին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը: