Հայերեն   English   Русский  

Ավետիսյանների հարազատները բացառում են անձնական դրդապատճառը


  
դիտումներ: 1017

Գյումրում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժանաբար սպանությունից 32 օր անց հուզող ու առաջնային համարվող շատ հարցեր դեռ պատասխաններ չեն ստացել:

Ինչպես փաստում է Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպան Երեմ Սարգսյանը իրավաբանը, նախաքննությունը դեռևս թույլ չի տալիս շատ բաներ իմանալ կամ եզրակացություններին ծանոթանալ, դա կարող է տեղի ունենալ միայն նախաքննության ավարատին: Սակայն, մինչ այդ, լայնորեն շրջանառվում է այն վարկածը, որ սպանդը կամ Պերմյակովի ձեռքի գործը չէ ընդհանրապես, կամ նա միայնակ չի գործել: Երեմ Սարգսյանը նշում է. ՙՆախաքննության փուլում կան կոնկրետ փաստաթղթեր, որոնց կարող ենք ծանոթանալ: Դրանք այնքան էլ շատ ծավալուն չեն, բայց համենայնդեպս, փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները և դրանց եզրակացությունները մեզ թույլ են տալիս նաև այլ տեղեկություններ ունենալ: Այս պահին միանշանակ ասել, որ ինքը միայնակ չի եղել, հնարավոր չէ, բայց միաժամանակ նաև բացարձակապես չենք կարող ասել, որ միայնակ է եղել՚:

Ըստ փաստաբանի, ամենահավանական վարկած գոյություն չունի, կան վարկածներ, որոնք պետք է ստուգվեն, հերքվեն կամ հաստատվեն ուսումնասիրման արդյունքում:

ՙՀարազատները բացառում են անձնական դրդապատճառը, բայց ես, որպես փաստաբան, դա չեմ կարող բացառել և միջնորդություն եմ ներկայացրել դրա վերաբերյալ: Թող հերքվի, բայց որպես վարկած՝ պիտի ուսումնասիրվի՚:

Օրեր առաջ փաստաբանը մի շարք միջնորդություններ էր ներկայացրել նախաքննական մարմին, որոնք բավարարվել են: Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ դրանց մի մասն արդեն արված է:

Ինչ վերաբերում է խլացուցիչով կրակելուն առնչվող հարցին՝ փաստաբանին պատասխանել են. ՙՉնայած որ գործում էդ պահին որևէ տվյալ չկար, որ կհուշեր, թե կարող էր խլացուցիչով լիներ, զննություն չի կատարվել, բայց բազմակողմանիությունն ապահովելու առումով, բավարարում ենք այդ միջնորդությունը՚:

Փաստաբանը նաև հարց է առաջ քաշել՝ հայտնաբերված զենքին հնարավո՞ր է խլացուցիչ ամրացնել, թե ոչ, և արդյոք զենքի զննության արդյունքում խլացուցիչ դնել-հանելու հետքեր հայտնաբերվե՞լ են:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ինքնաձիգից 28 փամփուշտ այնպես կրակել, որ ոչ մի ձայն չլսվի, Երեմ Սարգսյանը պատասխանեց. ՙԶուտ քրեական գործի տվյալներով՝ չեմ կարող ասել՝ լսել են, թե ոչ, բայց այն տվյալները, որ քրեական գործից դուրս ես ունեմ, համենայնդեպս անձ կա, որը որոշակի ձայն լսել է՚:

Փաստաբանը որևէ մեկի կողմից կրակոցի ձայն չլսելը քիչ հավանական է համարում. ճիշտ է, մարդը կարող է քնի մեջ չկողմնորոշվել, դա ինչ ձայն է, բայց սպանության ժամն էլ հստակ պարզված չէ. ՙԿարող է խորը քնի ժամ է եղել, կամ գուցե մարդիկ կան, որ լսել են, բայց չեն ասում այդ մասին, կամ միգուցե նախաքննական մարմնին ավելի շատ մարդիկ են ասել, որ լսել են՚:

Երեմ Սարգսյանը ենթադրում է, որ նախաքննության մարմնի մոտ կա այդպիսի տվյալ, որ ինչ-որ մարդ լսել է, դրա համար էլ իրենք խլացուցիչի հանգամանքը քննելու հիմքեր չեն տեսել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: