Հայերեն   English   Русский  

Քոչարյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ինքը դիտել է տեսանյութեր, որոնք այսօր գոյություն չունեն


  
դիտումներ: 466

Քոչարյանի պաշտպաններն այսօր դատական նիստի ընթացքում դատարանին ներկայացրին մի քանի տեսանյութեր, որոնք առնչվում են մարտի 1-ի գործով քննությանը, և ըստ պաշտպանների՝ ապացուցում են, որ Քոչարյանի մեղադրանքը կեղծ է:

Տեսանյութերի վերաբերյալ մեկնաբանություն արեց նաև Ռոբերտ Քոչարյանը:

«Տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-ին կամ 8-ին: Երբ մարտի 1-ին ես պետք է ասուլիս տայի, կապվեցի Բորիկ Հակոբյանի հետ, որպեսզի ճշտեմ ինչ իրավիճակ է: Եվ Բորիկ Հակոբյանն ինձ ասաց, որ, այո, զենք է կիրառվում, նռնակներ են օգտագործվում մարտական, և ինքը ինձ պատմեց, որ կան տեսանյութեր, որոնցում երևում է, որ մեքենայից դուրս են գալիս մարդիկ, կրակում են զինվորների ուղղությամբ, հետ են մտնում ու էսպես շարունակ: Դեպքերից հետո, երբ մամուլում սկսեցին գրել, որ նման բան չկա, ես ինքս պահանջեցի այդ տեսանյութերը, և անձամբ Բորիկ Հակոբյանը բերեց իմ գրասենյակում ցույց տվեց: Այսօր այդ տեսանյութերից ոչ մեկը չկա, ես չգիտեմ՝ որտեղ են, որտեղ են այն տեսանյութերը, որոնցում երևում է ինչպես են նռնակ գցում, ինչպես է դրանից վիրավորվում ոստիկանը: Մենք ասում ենք, որ մի ամբողջ քրեական գործ է կազմվել 3 հատորով, որին չեն կցվել նման փաստեր, սա պետք է լուրջ հարցեր առաջացնի: Ես ցանկացա ասել սա, որովհետև իմ պաշտպանները նման մանրամասներ չգիտեն, և ես էլ ոչ մի անգամ ցուցմունք չեմ տվել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դատարանը թույլ տա՝ նմանատիպ տեսանյութերը կցվեն գործին: Թեև ըստ նրա՝ ԱԱԾ-ն չի ներկայացրել իր նշած տեսանյութերը, և ինքը կարծում է, որ ԱԱԾ-ից չեն էլ պահանջել դրանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: