Հայերեն   English   Русский  

Քոչարյանը հայտարարեց, որ գաղտնի հայտարարություն ունի անելու և խնդրեց, որ լրագրողները 10 րոպեով դուրս գան նիստերի դահլիճից


  
դիտումներ: 525

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Դատարանի կողմից Քոչարյանը ստացավ ելույթի հնարավորություն և ասաց, որ հենց այս գործի շրջանակներում է ծանոթացել աղմուկ հանած 0038 հրամանին:

«Ես 2008 թվականի փետրվարի 22-ին՝ ուշ երեկոյան ընդհատել եմ իմ այցը Մոսկվայում ու վերադարձել եմ Երևան: Հենց օդանավակայանում ինձ դիմավորեցին անվտանգության խորհրդի անդամները, ես զրուցեցի նրանց հետ, ծանոթացա իրավիճակին: Այդ ժամանակ ես ցանկություն հայտնեցի հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ՝ նախագահական նստավայրում: Ասեմ, որ 10 տարվա մեջ սա առաջին հանդիպումն էր իմ ու բարձրագույն զինվորական անձնակազմի միջև նախագահական նստավայրում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 23-ին նախագահական նստավայրում, տևել է 15 րոպե, չի եղել քննարկում, ես ուղակի իմ մոտեցումն եմ արտահայտել, երկու հարցի վրա եմ ուշադրություն դարձրել, որ հասունանում էր քաղաքական ճգնաժամ, քանի որ պարտված կողմը չէր ընդունելու իր պարտությունը, մյուս կողմից մենք պետք է շատ ուշադիր լինեինք սահմանին, քանի որ թշնամին կարող էր օգտվել ներքաղաքական իրավիճակից: Բարձրագույն զինվորական կազմի հետ հանդիպման ժամանակ ես զգուշացրել եմ, որ լռիվ այլ ռեժիմով պետք է աշխատենք ու իրավիճակը հաղթահարենք»,-նշեց Քոչարյանը:

Քոչարյանը ասաց, որ նման հանդիպում չկազմակերպել այդ օրերին անհնար կլիներ, քանի որ հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու էր իր ուսերին:

«Իմ կողմից հանդիպման ժամանակ որևէ հրահանգ չի արվել, ես չեմ ասել, թե ով ինչ կամ ինչպես պետք է անի: Նախարարներն ինձնից լավ գիտեին, թե ինչպես պետք է լուծեն խնդիրները: Այդ նույն օրը արձակվել է հրաման, որի մասին ես իմացել եմ այս գործի շրջանակներում: Ծանոթանալուց հետո համոզվել եմ, որ ժամանակին ու տեղին հրաման է եղել, որի շնորհիվ կարողացել ենք խուսափել ավելի վատ հետևանքներից»,-ասաց նա:

Ելույթի ընթացքում Քոչարյանը դիմեց դատարանին, որպեսզի 5-10 րոպեով լրագրողները դուրս գան նիստերի դահլիճից:

«Ես կցանկանայի 5-10 րոպեով լրագրողները դուրս գան, քանի որ չափազանց կարևոր ու գաղտնի բան պետք է ասեմ, որը կապված է գործի հետ: Հիմա միայն կասեմ, որ Արցախի բանակից գոնե մեկ մարդ չի եղել այդ օրերին Հայաստանում»,-ասաց նա:

Դատարանը ասաց, որ նման քայլի համար պետք է միջնորդություն ներկայացնել, որին ի պատասխան Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ միջնորդությամբ ավելի ուշ հանդես կգան:

Այս պահին Քոչարյանը դեռ շարունակում է իր ելույթը: Հիշեցնենք՝ սպասվում է, որ քիչ անց դատարան կներկայանան Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որպեսզի հաստատեն իրենց միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: