Հայերեն   English   Русский  

ԲՀԿ-ում առնետավազքը սկսված է. շարքերը լքում է Արագած Ախոյանը


  
դիտումներ: 1396

Այսօր "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել պատգամավոր Արագած Ախոյանը:

"Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով "Արեւմտահայոց Ազգային Համագումար" միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ եւ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արեւմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով եւ իհարկե նաեւ իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:

Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին` հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:

Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաեւ , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների եւ կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ` որպես "Արեւմտահայոց Ազգային Համագումար" կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:

ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր":






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: