Հայերեն   English   Русский  

​Հանդուրժողականության և անհանդուրժողականության լաբիրինթոսում


  
դիտումներ: 1240

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) ֆինանսավորած ծրագրերից մեկը, որին անդարձարձել ենք (տե՛ս http://ankakh.com/article/119701/%E2%80%8Bvasn-patyerazmi-yev-khaghaghuthyan--nvorits-u-nvorvovi), ստիպեց մեզ հետաքրքրվել, թե առհասարակ ուրիշ ինչ ծրագրեր է իրականացնում այս հիմնադրամը և ինչ գաղափարներ է փորձում տարածել մեր հասարակության մեջ:

Հիմնադրամի պաշտոնական կայքը ներկայացնում է իր տեսլականը, այն է՝ նպաստել նրան, որ Հարավային Կովկասը կայանա որպես խաղաղ, հակամարտություններից զերծ և համագործակցող տարածաշրջան և աչքի ընկնի քաղաքացիների ներգրավման բարձր մակարդակով, սոցիալապես պատասխանատու ձեռներեցութամբ ու կայուն, պատասխանատու և արդյունավետ հասարակությամբ: Ըստ այդ տեսլականի՝ ԵՀՀ-ն իր առաքելությունն է համարում հզորացնել մարդկանց սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով և իրականացնել որոշակի ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավելու իրենց համայնքն ու կյանքը: Եվ այդ ծրագրերն իրակացավում են հետևյալ ուղղություններով. մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, պայքար կոռուպցիայի դեմ և շահերի բախում, եվրոպական ինտեգրացիա, խաղաղարարություն և հակամարտությունների տրանսֆորմացիա, քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում և երիտասարդների ակտիվացում:

հանդուրժողականություն

Իրականացված ծրագրերի արդյունքների մի մասը կարելի է տեսնել հիմնադրամի կայքում՝ փաստաթղթերի կամ հրատարակությունների տեսքով: Եվ դրանց մեջ առաջինը մեր հետաքրքրությունը շարժեց «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հոդվածների ժողովածուն:

Պարզվեց, որ հիմնադրամը 2016 թ., Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ է հայտարարել, և ահա նշված հրատարակությունը այդ մրցույթը հաղթողների կատարած աշխատանքի արգասիքն է:

Չի կարելի չհամաձայնել հրատարակության հեղինակների հետ, որ տվյալ հարցադրումը և դրա պատասխանները գտնելու ձեռնարկումը եզակի է մեր իրականության մեջ և հետագա միջգիտական հետազոտությունների դուռ է բացում: Եվ մեր հետաքրքրությունը պայմանավորված էր և՛ այդ հանգամանքով, և՛ մեր օրերի իրականությամբ՝ հասարակության ներսում պառակտման և խտրականության հասցնող անհանդուրժողականութան աննախադեպ դրսևորումներով, որոնք թելադրվում են հենց իշխանության կողմից, այն էլ այն ուժի, որը իշխանության եկավ «սիրո և համերաշխության» կարգախոսով:

Գիրքն ուշագրավ է նաև նրանով, որ ընդգրկված հետազոտությունների մի մասը նվիրված է հայ գրականության ուսումնասիրմանը տվյալ տեսանկյունից՝ սկսած բանահյուսությունից մինչև նորագույն գրականությունը, մյուս մասը՝ դպրոցական դասագրքերին: Ավելին, ժողովածուում առկա են նաև քննարկումներ, որոնք գնահատում են հենց տվյալ ժողովածուում զետեղված աշխատանքները:

Սակայն առավել քան անակնկալ էր Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումայի ողջունի խոսում տեղ գտած հետևյալ կարծիքը. «Ընթերցելով այս տեքստերը՝ ես պատկերացնում եմ ավանդական հասարակություն, որն իրեն վեր է դասում հարևան և մրցակից հասարակություններից ու ժողովուրդներից: Ուստի ես այս հոդվածները դիտարկում եմ որպես դաս, հայելի, ինչպես ինձ, այնպես էլ հայ ընթերցողի համար. մենք՝ մարդ արարածներս, մեզ այլ անձանցից վեր դասելու հակում ունենք, որը կարող է ընդհանուր առմամբ անհանդուրժողականության, իսկ մասնավորապես՝ անհանդուրժողական վարքագծի դրսևորման հանգեցնել»:

Թվում էր, թե մեր հասարակությանը շատ կողմերով կարելի է քննադատել, բայց ոչ իրեն ուրիշներից վեր դասելու հոգեկերտվածքի համար: Նաև մի կողմ թողնենք, որ տվյալ կարծիքը հիմնականում հիմնված է դպրոցի անհաջող դասագրքերից մեկի և կրոնական ազատությունների վերաբերյալ մեր օրենսդրության վրա, սակայն խնդիրն այն է, որ տվյալ ժողովածուում արծարծված փաստերը և դրանց հիման վրա արված եզրակցությունները կարող են նման կարծիք ձևավորել: Ի՞նչ ասել օրինակ, երբ «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում» ուսումնասիրության հեղինակը տալիս է հետևյալ եզրակացությունը.

«Հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ավանդաբար դիտարկվել և մեկնաբանվել են ազգային-գաղափարական համատեքստերում, առանց ուսումնասիրելու էպոսի բուն նյութը՝ բարբառներով ավանդված պատումներն ու վիպական ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունները։ Տուրք տալով խորհրդային էպոսագիտության որոշ կաղապարների՝ առանձնացվել ու քննվել են ավանդավեպերի ու «Սասնա ծռեր» էպոսի միայն այն մոտիվները, որոնք համապատասխանում են հայ ժողովրդի ինքնընկալմանը որպես արդար, վեհանձն, մեծահոգի, խաղաղ, նվաճումներ չհետապնդող, միայն պաշտպանական պատերազմներ մղող, և քիչ ուշադրություն է դարձվել էպոսներին ու դրանց շրջանառության միջնադարյան միջավայրին բնորոշ այլ մոտիվների, որոնք այսօրվա բարոյական ընկալումներով կարող են համարվել դաժանության և անհանդուրժողականության դրսևորումներ։ Իհարկե, այս բոլոր հատկանիշները բնորոշ են մեր հերոսներին ու որոշ դեպքերում նորություն են մյուս էպոսների հետ համեմատությամբ, սակայն դրանց բացարձականացումը, համատեքստից կտրված ներկայացումը և արդիականացումը թյուր պատկերացում են ստեղծում էպոսի ու ավանդավեպերի մասին, պատճառ դառնում ազգային սնապարծության ու բացառիկության գիտակցության, այլ ժողովուրդների նկատմամբ խտրական տրամադրությունների ձևավորման համար»։

Քննադատելով խորհրդային ժամանակների ուսումնասիրողներին կողմնակալության, էպոսի որոշ դրվագներ ժամանակի քարոզչության լույսի տակ կամ մակերեսորեն մեկնաբանելու, որոշակի կաղապարների կամ կարծրատիպերի տուրք տալու համար, սույն տողերի հեղինակը չի՞ կասկածում, որ հիմա էլ ինքն է մի նոր կաղապար մատուցում՝ «սնապարծության և բացառիկության գիտակցություն»՝ ելնելով ներկայիս արևմտյան արժեքների քարոզչության ոգուց, ընդ որում, արժեքներ, որոնցից շատերն այսօր իրենք՝ եվրոպացիներն են սկսել վերագնահատել: Նա շարունակ խոսում է թշնամու նկատմամբ հանդուրժողականության մասին, երբ խոսքը հայրենիք ներխուժած և ստրկացնել ցանկացող թշնամու մասին է, ոչ թե մի թշնամու, որին դու ես ուզում ծնկի բերել և նրա հայրենիքը նվաճել: Ի՞նչ է նշանակում թշնամու նկատմամբ հանդուրժողականություն, երբ խոսքը ոչ թե բանակցությունների սեղանի մասին է, այլ ռազմի դաշտի, որը բնական մարդկային միջավայր ու իրավիճակ չէ, որտեղ կա՛մ քեզ են սպանում, կա՛մ դու դիմացինին, ուրիշ տարբերակ չկա: Եվ եթե մեր դիսկուրսում շարունակ մեր հերոսների մարդասիրությունն ու մեծահոգությունը, նաև ներողամտությունը բնորոշող դրվագներն են մատնանշվում՝ անտեսելով դաժանության դրվագները, գուցե պատճառն այն է, որ մենք մեր ժողովրդի հենց այդ առաքինություններն ենք գնահատում և դրանցով ենք ցանկանում առաջնորդվել և դաստիարակել մեր սերունդներին: Կասկած չունեմ, որ խնդրո առարկա ժողովածուի հեղինակները հանդուրժող կլինեն այս կարծիքի նկատմամբ:

Այսուհանդերձ, հարկ է նշել, որ ժողովածուն, որոշակի ուղղվածություն ունենալով հանդերձ, բազմակարծության օրինակ է և որպես տվյալ ոլորտում ձեռնարկված առաջին փորձ՝ բնավ վերջնական ճշմարտություններ մատուցելու հավակնություններ չունի: Նրանց արտահայտած տեսակետներից շատերին կարելի է համաձայնել, որոշ տեսակետների դեպքում էլ վրդովվելու աստիճան ընդդիմանալ: Կան նաև աշխատանքներ, որոնք մեծ մասամբ հաջողված են, օրինակ՝ անհանդուրժողականություն ծնող խոսքի և առհասարակ հաղորդակցության մշակույթի և դրա խոտելի կողմերի հաղթահարման ուղիների ուսումնասիրությունը, շատ հետաքրքիր հայացքը Հակոբ Մնձուրու գրականությանը, այսպես կոչված «քյառթուության» ենթամշակույթի արմատների որոնումների և նորագույն գրականության մեջ դրա ներկայացման հատվածը և այլն): Մանավանդ մտորումների շատ առիթներ են տալիս ներկայիս դպրոցական դասագրքերի ուսումնասիրությունները՝ իրավացիորեն արմատավորելով այն միտքը, որ մեր հասարակությունը գրեթե անուշադրության է մատնել դպրոցական դասագրքերը և ուսումնական ծրագրերը, որոնցով այսօր կրթվում է մեր աճող սերունդը: Մի հանգամանք, որ արդարացման որևէ հնարավորություն չի տալիս:

Համենայն դեպս, համաձայնելով կամ ընդդիմանալով խնդրո առարկա ժողովածուի հեղինակների այս կամ այն տեսակետին՝ գալիս ես այն համոզման, որ չափազանց դժվար է գծել հանդուրժողականության ու անհանդուրժողականության սահմանը, դժվար է անհանդուրժողական չլինել այն ամենին, ինչը անհանդուրժելի է, որքան էլ փորձես հասկանալ դինացինիդ և հարգես նրա կարծիքը, մանավանդ, երբ նա չի հարգում քոնը, մանավանդ, երբ պետք է հստակ որոշես, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ, և երբ գիտես, երբ հիշում ես քո պատկերացրած սխալի ողբերգական հետևանքների նախադեպերը: Այս և նման բազմաթիվ հարցականներ են ծագում, և ժողովածուի հեղինակներն էլ շատ դեպքերում երկընտրանքի մեջ են, թե որն է ճիշտը: «Կարելի է անգամ պարադոքսալ հետևության հանգել. որքան հանդուրժող է դառնում հասարակությունը, այնքան ավելի անհանդուրժող է նրա գրականությունը բռնության նկատմամբ՝ ավելի շատ տեղ հատկացնելով անհանդուրժող խոսքին՝ իբրև բռնության մետանոմիա։ Նորմա-շեղում հարաբերությունը գրականության մեջ շրջված է արտացոլվում»,- գրում է հեղինակներից մեկը։ Իսկ մեկ ուրիշի մտորումներն «այլ»-ի զգացումի մասին՝ դրական իմաստով, ավարտվում են այսպես. «Այս ամենը հնչեց իբրև բարոյական հրամայական, բայց, երևի, պարզապես փոփոխվող ժամանակի, փոփոխվող իրավիճակի փաստագրում է միայն, ռացիոնալացում։ Համենայն դեպս, զգալով և ինչ-որ կերպ բնորոշելով ժամանակի այդ ուղղվածությունը, մենք կարող ենք հնարավորինս զերծ մնալ «Եղի՛ր հանդուժող» բիրտ հրամանից, որը արդյունքում ծնում է վախի հետևանք պոլիտկոռեկտություն (այն էլ՝ լավագույն դեպքում)՝ հող նախապատրաստելով կոպիտ և արխայիկ պոպուլիզմի վաղվա շքերթին»:

Գիրքը, ի դեպ, լույս է տեսել 2017 թ. նոյեմբերին:

Անահիտ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: