Հայերեն   English   Русский  

Վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում. Խոսրով Հարությունյան


  
դիտումներ: 1141

«Համաձայնեք, որ եթե Սերժ Սարգսյանի պես զուսպ, համբերատար քաղաքական գործիչը հանդես է գալիս բավականին կոշտ ելույթով, ուրեմն դրա համար լուրջ պատճառ կա: Դա պետք է փնտրել փետրվարի 5-ի խորհրդաժողովում ընդդիմադիր ամենաազդեցիկ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի արտահերթ ընտրություններ իրականացնելու հայտարարության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ նման հայտարարությունը նշանակում է, որ հանրային կյանքը խոշոր ցնցումների մեջ գցելու գնով , նրանք փորձում են իշխանափոխություն կատարել: Հենց դա է պատճառը, որ ՀՀ նախագահը հանդես եկավ կանխարգելիչ ելույթով:

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ նախագահին հունից հանել է փետրվար 5-ի՝ Գագիկ Ծառուկյանի ելույթի այն միտքը, թե` «Որևէ անզգույշ բառի դեպքում հարյուր հազարավորների կհանենք փողոց». «Սա իշխանություններին կարգի հրավիրելու անթաքույց ձգտում է: Կարգի հրավիրելու իրավունք իրեն կարող է վերապահել այն անձը, որ նման իրավունք ձեռք է բերել իր անցյալով, հանրային կյանքում կատարած ներդրումներով և այլն»:

Անդրադառնլով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հավանականությանը` Խոսրով Հարությունյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունն չի տեսնում, «թեև կուլիսներում նման խոսակցություններ գնում են»:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահի խոսքով` Հովիկ Աբրահամյանը կարող է կարևոր օղակ դառնալ ԲՀԿ-ի և իշխանության միջև կառուցողական համագործակցության առումով. «ԲՀԿ-ն ըստ արժանվույն չգնահատեց Հովիկ Աբրահամյանի խիստ արձագանքը փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովից հետո: Փոխանակ խորհրդակցելու այն մարդու հետ, որն ամենավստահելին կարող էր լինել իրենց համար, նրանք մեկնեցին Մոսկվա: Մենք բոլորս հասկանում ենք, ինչու են նրանք մեկնել Մոսկվա: Դա մտահոգիչ հանգամանք է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: