Հարկավոր է դասեր քաղել սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն. Թևան Պողոսյան
«Այս ժամանակահատվածում բազմաթիվ խնդիրներ կան, բայց մեր գլխավոր նպատակը պետք է լինի ձևավորել այնպիսի հասարակություն, որն ունակ է լինելու միասին հարցեր քննարկել, ճիշտ լուծումներ գտնել»:
Պողոսյանը կարծում է, որ որևէ փոփոխության համար նախ ծրագիր է պետք մշակել, հետո գնալ դրա իրագործմանը, սակայն մեր երկրում հակառակն է կատարվում, ամեն ինչ արվում է իրավիճակից ելնելով:
«2-3 շաբաթ առաջ խոսում էին այն մասին, որ անցումային արդարադատությամբ կզբաղվի ԱԺ-ն և Կառավարությունը ուրախ կլինի դրա համար: Անգամ օր էին նշանակել: Ասում էին, որ կփորձեն հասկանալ ինչպես և ինչ անել: Սակայն ինչ-որ բան էր տեղի ունեցել, և կիրակի երեկոյան հայտարարություն եղավ, որին հաջորդեցին երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած գործողությունները»:
Քաղաքագետը ուրախությամբ է փաստում, որ տարբեր կուսակցությունների, քաղաքական գործիչների կողմից ուղերձներ հնչեցվեցին, որոնք բազմակարծության մասին են խոսում: Եվ բացի դա՝ բողոքի ակցիայի մասնակիցների համեմատաբար քիչ թվաքանակը վկայում է, որ մարդիկ սկսել են տարբեր կարծիքներ լսել և ինքնուրույն գնահատել, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում:
Իսկ ինչ վերաբերում է անցումային արդարադատությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, ապա Պողոսյանի կարծիքով լավ կլինի, որ վերջինիս նախանշած կետերը մտնեն օրակարգ ու սկսվեն քննարկվել:
«Անընդհատ ասում ենք, որ մարդիկ չեն վստահում ներկա դատական իշխանությանը: Ես կարծում եմ, որ վստահությունը կձևավորվի այն ժամանակ, երբ ամեն մեկը իր մասնակցությունն ունենա անցումային արդարադատության ձևավորման մեջ: Չի կարելի կրկնօրինակել այլ երկրների փորձը: Հայաստանը սեփական ավանդույթներն ունի: Ամեն ինչ պետք է հայկական պրիզմայով անցնի: Հարկավոր է դասեր քաղել սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն»,-ասաց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով նախագահի մայիսի 20-ի հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց, որ Արմեն Սարգսյանը չէր կարող այլ ուղերձ հղել, քանի որ Սահմանադրությամբ այդքան է նրա լիազորությունների սահմանը:
«Նախագահի այժմյան լիազորությունների մեջ մտնում է, որ նա կարող է հանդես գալ հայտարարությամբ կամ դիմել Սահմանադրական դատարան: Նախագահի ուղերձից ուրիշ ի՞նչ էիք սպասում: Նա հիշեցրեց, որ կա իշխանության երեք ճյուղ և դրանք պետք է հարգել: Եվ բոլոր քաղաքացիներին Սահմանադրությունը հարգելու ուղղակի կոչ արեց»:
Ըստ Պողոսյանի՝ մայիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքներից այժմ ոչինչ չենք կարող ենթադրել, որովհետև նրանց ուղերձներում երկու տեսակետ կար. «Նրանք իրենց հայտարարություններում ասում են՝ դուք չեք պահպանել իշխանության երկու թևերի միջև տարանջատումը, լավ չի, որ արգելափակել եք դատարնները, բայց մենք պատրաստ ենք նպաստել դատական համակարգի կայացմանը: Սրանից կարող ենք հետևություն անել, որ ամեն ինչ մեր ձեռքում է, և այսուհետ մենք պետք է ամեն ինչ անենք, որ միջազգային հանրության աչքում բարձրանանք կամ իջնենք»: