Հայերեն   English   Русский  

«Նա խոստացել է, որ իմ երեխան կապրի կարգին, օրինական երկրում».Անահիտ Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 1389

Ստյոպա Սաֆարյան, մայիսի 22-ին պատասխան գրառում ես արել Վարդուհի Իշխանյանի մի ակնարկին,

որում տրվել ես 1996 թ. նախագահական ընտրությունների հիշողություններին, ավելի ստույգ՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի տեղամասերից մեկում քո՝ որպես հանձնաժողովի ղեկավարի դերի և կատարած աշխատանքի մանրամասն նկարագրությանը: Եվ քանի որ քո նկարագրած դեպքերի ակնատեսն ու մասնակիցն եմ եղել, չեմ կարող չարձագանքել:

Բայց մինչ այդ անդրադառնամ քո շատ հետաքրքիր նախաբանին:

«Իրականում, իմ սկզբունքներից մեկն է որևէ կերպ չարձագանքել որևէ նախագահի կամ քաղաքական գործչի տիկնոջ կամ նրա գործունեությանը, եթե անգամ դա հանրությունը քննարկում է: Դա չեմ արել ո՛չ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, ո՛չ Բելա Քոչարյանի, ո՛չ Ռիտա Սարգսյանի, ոչ Աննա Հակոբյանի, ո՛չ էլ կանեմ տիկին Վարդուհու դեպքում»:

Սրանից կարելի է ենթադրել, որ մեծահոգաբար անձեռնմխելիություն ես շնորհել կանանց՝ զերծ պահելով նրանց քո քննադատական սուր նետերից: Գովելի է: Բայց ինչպե՞ս համատեղել այս հավաստիացումը քո երկու օր առաջ արած հայտարարությանը դատավոր կանանց հասցեին, որ սեքսիզմի աննախադեպ օրինակ է: Բառացի մեջբերում եմ քո հայտարարությունը, որ տարածվեց լրատվամիջոցների մեծ մասում.

«Դատական իշխանությունը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք՝ 98 թվականից սկսած երեք այսպես կոչված ռեֆորմների արդյունքում: Դատավորներ են նշանակվել իրենց ընտանիքի անդամները, իրենց սիրուհիները, իրենց հավատարմություն տվածները, կաշառք տվածները»:

Այս հայտարարությունից հստակ երևում է, որ «նախկին ռեժիմ» ասվածը քեզ համար սկսվում է 1998 թվականից, մինչ այդ ուրեմն ի՞նչ էր, նախկին ռեժիմ չէ՞ր, ներկա՞ էր: Երկրորդ՝ այն 54 կին դատավորները՝ բոլորը, որոնց մեծ մասը, բնական է, տուն-տեղ, ամուսին, երեխաներ ու թոռներ ունեն, քո թեթև ձեռքով սիրուհիներ դարձան: Եթե սա ասեր որևէ անբան բամբասասեր, որոնցով ողողված է ֆեյսբուքը, և որոնք ջանասիրաբար նյութեր են տեղադրում ներկայիս իշխանավորների սեռական կողմնորոշման մասին, ես չէի զարմանա, բայց ի՞նչ մտածեմ, երբ ասում է իրեն արդարության ջատագով համարող քաղաքագետն ու հասարակական գործիչը: Եվ դեռ վրդովվում է, որ Հանրային խորհրդի նիստի մասին հաղորդագրության մեջ հատուկ չեն մեջբերում նաև իր արտահայտած կարծիքը: Այսպիսի հայտարարությունից հետո ի՞նչ արժեն քո արտահայտած մնացած կարծիքները:

Անցնեմ քո գրառման բուն նյութին, որ վերաբերում է 1996 թվականի նախագահական ընտրություններին, ավելի ստույգ՝ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի ընտրատեղամասերից մեկի (մանկապարտեզի) իրադարձություններին:

Քո գրառման տակ ընկերներիցդ մեկը՝ Քրիստինե Մկրտչյան անունով, գրել էր. «Պարոն Սաֆարյան, այդ ինչ վիտամիններ եք ընդունում, որ 1996 թ. ընտրությունները այսքան մանրամասն հիշում եք, մեզ էլ ասեք»:

Ես, որ այդ տեղամասում եղել եմ Վազգեն Մանուկյանի վստահված անձը և ներկա եմ եղել ընտրությունների օրվա ողջ ընթացքին, վիտամիններ չեմ ընդունում և, իհարկե, շատ բան մոռացել եմ, բայց ոչ այն աստիճանի, որ մոռանայի քո նշած այն փաստը, թե հանձնաժողովի՝ Վազգեն Մանուկյանի կողմնակից 7 անձ լքել է հանձնաժողովը և վախեցած փախել տեղամասից: Այդպիսի փաստը հնարավոր չէ մոռանալ:

Գրում ես, թե դու լրիվ չեզոք մարդ ես եղել, շատ պատահաբար ես հայտնվել այդ հանձնաժողովում և դեպքերի բերումով ես դարձել հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, նույնիսկ քշել ես տեղամասից «Հանրապետություն» բլոկի ներկայացուցիչներ Իշխան Զաքարյանին և Մարտին Հովհաննիսյանին, որոնք պարտադրել են Վազգեն Մանուկյանի կողմնակցին կեղծել ընտրությունները: Դու քաջաբար քշել ես նրանց, իսկ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները վախեցել ու փախե՞լ են:

Գրում ես. «Մի քիչ էլ որ խորանան, կպարզեն, թե ո՞վ ինձ, որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի, հրավիրեց մանկապարտեզի տնօրենի սենյակ, ի՞նչ պահանջեց, ի՞նչ մերժում ստացավ, և ինչպե՞ս եղավ, որ Վազգեն Մանուկյանը հաղթեց իմ ընտրատեղամասում, որտեղ իր 8 ներկայացուցիչները վախից փախել էին (անկեղծ, չեմ մեղադրում, երեխեքը չէին պատկերացնի, թե ի՞նչ և ո՞ւմ որջն են եկել), և հանձնաժողովում մնացել էին բացառապես այն ժամանակվա իշխող Հանրապետություն բլոկի ներկայացուցիչները, իսկ ես իմ կամքից անկախ՝ հանգամանքների բերումով հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար: …Տիկին Վարդուհուն ջերմորեն հիշեցնում եմ, որ իմ այդ զրուցակիցը, որը պահանջում էր, որ մենք «ցուցանիշ ապահովենք, որովհետև ինքը պատասխանատու է 2-րդ զանգվածի համար» և իր ամուսինը՝ Վազգեն Մանուկյանը մինչև 2018 թ. Թավշյա հեղափոխությունը, միգուցե նաև այժմ՝ նույն քաղաքական թիմում են»:

Ծիծաղելի է, Ստյոպա, 2-րդ զանգվածի պատասխանատուն դու էիր, դու պատասխանատու էիր, որ այդ տեղամասում հաղթի Լևոն Տեր-Պետրոսյանը, և պետք է ասեմ, որ այդ առումով շատ լավ էիր աշխատում, ինչո՞ւ ես հիմա քեզ այդպես հեռացնում «Հանրապետություն» բլոկից: Եվ ինչո՞ւ չես ասում այն մարդու անունը, որ իբրև թե պարտադրել է քեզ կեղծումներ անել ի վնաս Վազգեն Մանուկյանի և հիմա նրա հետ նույն թիմում է:

Ես հիշում եմ քո ջղային վիճակը, երբ պնդեցի, որ պիտի ստորագրեմ բոլոր քվեաթերթիկների դարձերեսներին, որպեսզի դրսից բերված և արկղ նետված քվեաթերթիկները երևան: Երկար վիճաբանությունից հետո միայն թույլ տվեցիք դնել իմ ստորագրությունները, և երբ անհամբեր սպասում էիք մինչև վերջացնեմ դա, դու մի պահ չդիմացար ու հարցրիր ինձ. «Հետաքրքիր է՝ Վազգեն Մանուկյանն ի՞նչ պաշտոն է խոստացել քեզ, որ այդպես չարչարվում ես»: Պատասխանեցի. «Նա խոստացել է, որ իմ երեխան կապրի կարգին, օրինական երկրում»: Չե՞ս հիշում դա: Չե՞ս հիշում, թե ինչպես նյարդերդ չէին դիմանում, երբ քվեաթերթիկներն արկղից հանելիս ամեն անգամ հնչում էր Վազգեն Մանուկյան անունը: Ի վերջո չդիմացար, և ասացիր. «Ախպոր պես, էդ անունը էլ մի ասեք, ուղղակի սուսուփուս դրեք իր քվեաթերթիկների վրա»: Չե՞ս հիշում:

Բայց դու միանգամայն իրավացի ես, երբ ասում ես, որ Վազգեն Մանուկյանի քվեները իմ շնորհիվ չէ, որ պահպանվել են: Այդ ո՞ր վստահված անձն է կարողացել, բացի խախտումներն արձանագրելուց, ազդել քվեարկության ընթացքի վրա:

Այդ ընտրատեղամասում Վազգեն Մանուկյանի քվեները պահպանվեցին հանձնաժողովի անդամ մի կնոջ շնորհիվ, որը կարծեմ թաղապետարանից էր: Ափսոս, շատ ափսոս, որ նրա անունը մոռացել եմ: Նա էր նստելու այն արկղի մոտ, որում նետվելու էին քվեաթերթիկները: Իսկ այդ ժամանակ ընտրակեղծիքների ամենատարածված ձևերը լցոնումներն էին ու այսպես կոչված «կարուսելը»: Նա մոտեցավ ինձ և ասաց. «Մի անհանգստացիր, ես արկղից չեմ հեռանա, ոչ մի րոպե, նույնիսկ զուգարան չեմ գնա և չեմ թողնի, որ դրսից բերված քվեաթերթիկ գցեն»: Այդպես էլ արեց: Այ, այդ կինն էր, որ որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չուներ, որևէ մեկի կողմնակիցը չէր, պարզապես քաղաքացի էր, արդարության կողմնակից, որ իրեն վիճակված պարտականությունը բառի բուն իմաստով հերոսաբար արեց:

Հետագա տարիներին, սիրելի Ստյոպա, հատկապես քո ասած «նախկին ռեժիմի» ժամանակ մենք բազմիցս հանդիպել ենք և եղել ենք բարիկադների նույն կողմում, այն ժամանակ դու անձնվեր պայքարում էիր անօրինականությունների դեմ: Բայց հիմա տեսնում եմ, որ մնացել ես այն 96-ի ընտրությունների ընտրատեղամասում՝ մանկապարտեզում, երբ հարցնում էիր ինձ, թե ինչ պաշտոն են խոստացել, որ այդպես ջանասիրաբար պայքարում եմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: