Հայերեն   English   Русский  

Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները փակել են Աշտարակ-Գյումրի մայրուղին. թարմացված


  
դիտումներ: 507

Այսօր՝ մայիսի 30-ին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել: Նրանք փակել են Աշտարակ-Գյումրի մայրուղին՝ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մոտ:

Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ ցույց սկսելու միակ պատճառը եղել է այն, որ 19 կազմակերպությունների աշխատակիցներն արդեն 10 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«Աշխատել ենք հյուսիս-հարավ ճանապարհի վրա ու արդեն 10 ամիս է աշխատավարձ չենք ստացել: Մեկը գցում է մյուսի վրա ու արդյունքում նման վիճակ է ստեղծվել: Մենք պահանջում ենք, որ Կառավարությունից մարդ գա ու մեզ հստակպատասխան տա, թե երբ ենք ստանալու մեր գումարները»,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը այցելեց Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատված ծանոթանալու իրավիճակին։ Պատգամավորը նշեց, որ իրենք վաղուց են տեղյակ խնդրի մասին և արդեն մի քանի անգամ բարձրաձայնել են:

Մինչ այժմ ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ: Ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է և վեճ է սկսում ցուցարարների ու այն քաղաքացիների միջև, որոնք չեն կարողանում անցնել փակված ճանապարհով:

Նշենք, որ սա միակ սկանդալային դեպքը չէ հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված: Ավտոճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2012 թվականից: Անցած 7 տարիների ընթացքում ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհից ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։

«Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ անցած տարի սեպտեմբերին է քրեական գործ հարուցվել։ Դրա ծավալները Քննչական կոմիտեն աննախադեպ է որակում։ Հարցաքննվել է ավելի քան 500 անձ։

Նախկին իշխանությունների օրոք Հայաստանն արդեն 300 հազար դոլար տույժ է տվել Ասիական զարգացման բանկին, քանի որ կառավարությունը պայմանագրում նշված ճանապարհների շինարարությունը ճիշտ ժամկետում չէր ավարտել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: