Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցներին խոստացան, որ վաղը նրանց կընդունի փոխվարչապետը. բողոքի ակցիան ավարտվեց
Ցուցարարների հետ հանդիպման գնացած Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հեռախոսազրույց ունեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Նրանք պայմանավորվեցին, որ վաղը ցուցարարները հանդիպելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ ու քննարկելու են ստեղծված իրավիճակը:
Ցուցարարները պայմանավորվածությունից հետո համաձայնեցին բացել առավոտից փակ Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը, սակայն նշեցին, որ վաղը սպասելու են մինչև կեսօր, իսկ դրանից հետո կրկին դիմելու են բողոքի տարբեր եղանակների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտից Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները փակել են Աշտարակ-Գյումրի մայրուղին՝ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մոտ և պահանջում են վճարել արդեն 10 ամիս չվճարված աշխատավարձերը: