Հայերեն   English   Русский  

Հարությունյանի անվան փառատոնը մեկնարկեց Կամերային նվագախմբի ելույթով


  
դիտումներ: 1437

Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով: Փառատոնի բացման համերգը տեղի ունեցավ մայիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյին հնչեցին Հարությունյանի, Վիվալդիի, Դոպլերի, Շտրաուսի ստեղծագործությունները:

Դիրիժոր Դեյվիդ Ալեքսանդր Րաբիի ղեկավարությամբ՝ նվագախմբի հետ հանդես եկավ նաև հրավիրյալ փողային կազմ: Որպես մենակատարներ ելույթ ունեցան ՄարտինՖրուտիգերը (հոբոյ), ՇմավոնԳրիգորյանը (ֆագոտ), ԲլանկաԿերեկեշը (ֆլեյտա), ԱգատաԻգրասը (ֆլեյտա):

Փառատոնի բացման ժամանակ երաժշտական կատարմամբ բեմում էր նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ով գալարափող էր նվագում: Համերգի մեկնարկին դեսպանը ներկաներին ողջունեց հայերեն ելույթով:

«Այստեղ եմ արդեն մոտ մեկ տարի, և առաջին անգամ եմ Հայաստանում համերգի մասնակցում: Ելույթից առաջ փոքր-ինչ հուզված էի: Երբ երիտասարդ էի, ժամանակ առ ժամանակ համերգներ էի ունենում, բայց նվագել սկսել եմ բավականին մեծ տարիքում: Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը ինքնատիպ իրադարձություն է, այն արդեն երրորդ տարին է անցկացվում, ինչի առթիվ պետք է շնորհավորեմ փառատոնի նախաձեռնողներին»,-նշեց նա:

Ջուն Յամադան նշեց, որ Հայաստանի երաժիշտների ու երաժշտության մակարդակը շատ բարձր է, ինչը նրան հիացնում է: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով` Հայաստանի պետական կամերային նվագախումբը դարձել է Ալ. Հարությունյանի անվան փառատոնի հիմնական նվագախումբը:

«Հուսամ` փառատոնը կընդլայնի իր հորիզոնները, և համերգներ կիրականացվեն Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում»,-նշեց Նորայր Նազարյանը՝ կարևորելով նման փառատոնի անցկացումը մեր երկրում:

Նշենք, որ մայիսի 30-ից հունիսի 5-ն անցկացվում է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը. երաժիշտները համերգներով հանդես կգան Գյումիրում, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, գլխավոր պրոդյուսերը` Շմավոն Գրիգորյանը:

Փառատոնի միջոցով նախաձեռնողները ցանկանում են ևս մեկ անգամ իրենց երախտիքի ու հարգանքի խոսքն ուղղել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին՝ նոր շունչ և երանգներ հաղորդելով նրա հայտնի աշխատանքներին, ստեղծել մեկ հարթակ փողային գործիքների ոլոտրում աշխարհի առաջատար երաժիշտների համար: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: