Հայերեն   English   Русский  

Դատական համակարգում հեղափոխությունից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Հակոբ Ճարոյան


  
դիտումներ: 305

Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցին՝ դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացին և առհասարակ դատական համակարգում առկա խնդիրներին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան փաստաբան Հակոբ Ճարոյանն ու Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը:

Արդեն 3 տարի է Ռուզան Ադանալյանը դատական գործերի մեջ է:

«Ինչպես գիտեք որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ուղարկեց նույն դատարան՝ նոր կազմով քննության առնելու: Այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննության է առնվում: Քանի որ գործը քննության փուլում է, ես այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց Արտյոմ Ադանալյանի մայրը:

Չնայած գործի քննությունը այս պահին նախատեսված ձևով է ընթանում, սակայն Ռուզան Ադանալյանը նշում է, որ իր որդու սպանության գործի հետ կապված մի շարք ներկա ու նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ հայցերով դիմել է դատարան և բազմիցս առնչվել ոչ օբյեկտիվ քննության:

«Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ներկա դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանցագործություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումներ եմ տվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այլ փաստերով: Քանի որ դատախազության կողմից որոշումներ է կայացվել, որ հիշյալ անձանց արարքներում հանցագործության տարրեր չկան, այս պահին ես սահմանված կարգով դրանք բողոքարկում եմ դատարաններում»,-նշում է Ադանալյանը:

Վերջիօնս նաև ասում է, որ ինքն անձամբ է ներկայացնում իր բողոքները, քանի որ փաստերը ծանրակշիռ են և որևէ խանգարող հանգամանք չի կարող լինել: Նա նկատում է, որ ինչ-որ չափով դատարաններում փոփոխություներ կան, քանի որ իր ներկայացրած հաղորդումներից 5-ին ընթացք է տրվել:

Սակայն փաստաբան Հակոբ Ճարոյանը որևէ դատական մարմնում փոփոխություն չի տեսնում:

«Գուցե հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամսվա ընթացքում փոփոխություն կար, սակայն այս պահին ոչ մի մարմնում փոփոխություն չկա»,-նշում է փաստաբանը:

Նա նշում է, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք ինքը հայտարարություն է տվել Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ, սակայն գործը կառչվել է այն առարկությամբ, որ իր ներկայացրած փաստերը հիմնավոր չեն:

«Ես հասկացել եմ, որ քանի դեռ վարչապետը չունի շահագրգռվածություն, ուրեմն այդ անձի վերաբերյալ ներկայացրած հաղորդումներին ընթացք չեն տալիս: Ահա փաստ, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Փաստաբանը առաջիկայում սպասվող վեթինգի գործընթացում մի շարք բարդություններ է տեսնում:

«Այսօր մենք ունենք 216 գործող դատավոր: Պատկերացրեք ստեղծվում է հանձնաժողով, ենթադրենք 10 անդամից բաղկացած, և նրանք պետք է իրականացնեն վեթինգ: Հանձնաժողովի 1 անդամին ամենաքիչը 20 դատավոր է ընկնում: Դեռ հարց է, թե ում են ընդգրկելու հանձնաժողովի մեջ, հնարավոր է, որ վեթինգի ենթարկվող դատավորները ավելի բանիմաց լինեն, քան իրենց քննող մարդիկ»:

Բացի ժամանակատար գործընթաց լինելուց, վեթինգի գործընթացում բանախոսներին մտահոգում է նաև այն, որ հանձնաժողովի անդամները կարող են սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ օբյեկտիվ ուսումնասիրություն չկատարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: