Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանն ուղիղ եթերով հերքել է իր հարստացման մասին լուրերը և ցույց տվել 16.000 դոլարի վարկի կտրոնը


  
դիտումներ: 381

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրչադարձել է վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, որ ինքը ապօրինի հարստացել է:

«Արդեն երկար ժամանակ խոսվում է, որ ես իբր ապօրինի հարստացել եմ, որ ես նվեր եմ ստացել մեքենա: Այս թեման շահարկվում է իմ հետ կապված ցանկացած հայտարարության դեպքում: Ես հասկանում եմ, որ իմ խաչը ծանր է, որովհետև ես արձագանքում եմ քաղաքական մեր թիմին վերաբերող գրեթե բոլոր հարցերին և հաճախակի հարվածը ինձ վրա է գալիս: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ինձ մեղադրում է 7 միլիոն դրամ հարստանալու համար, և որ ես իբր չեմ կարողացել բացատրել, թե որտեղից այդ գումարը: Դա, իհարկե, սուտ է և ճշմարտությանը չի համապատասխանում, ինչը ես հիմա կապացուցեմ»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն ուղիղ եթերի ընթացքում ցույց է տվել բանկային կտրոնը, որում երևում է, որ նա 16 հազար դոլար վարկ է ստացել:

Ալեն Սիմոնյան 16000 դոլար

«Ես վաճառել եմ իմ Mitsubishi ավտոմեքենան 11 500 դոլարով և գնել եմ նոր մեքենա 25 500 դոլարով: Այդ ժամանակ իմ դրամական միջոցները չեն բավարարել, և ես դիմել եմ բանկին ու խնդրել, որ ինձ համար վարկային գիծ բացեն՝ օվերդրաֆտ, Դանիել, օվերդրաֆտ: Բացել են վարկային գիծ, որի բացումը երևում է ԱՔՌԱ համակարգում: Սա է թուղթը, որ դուք ման էիք գալիս ու չէիք գտնում: Ես գնել եմ իմ մեքենան վարկային գիծ բացելով և նախորդի վաճառքից գոյացած գումարով: Ընդամենը պետք էր ինձ զանգահարել և հարցնել՝ արդյոք կարո՞ղ եմ ինչ-որ ձևով դա բացատրել: Ես շատ հանգիստ սա կցուցադրեի և Դուք չէիք հայտնվի ծիծաղելի իրավիճակում, երբ դոշը ծեծելով տարբեր կայքերում դեմքի լուրջ արտահայտությամբ պատմում էիք, թե ինչպես եմ ես ապօրինի 7 մլն դրամով մեկ ամսվա մեջ հանրապետականներով լցված պառլամենտում հարստացել: Ամոթ և անընդունելի է»,-ասել է Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը վերջում նշել է, որ սպասում է տարածված ապատեղեկատվության հերքմանը:

«Ակնկալում եմ հնարավորինս արագ Դանիել Իոաննիսյանի և Sut.am կայքի կողմից, որ հիմա Fip.am կայքն է, հերքում և այլևս որևիցե մեկն իրեն թույլ չտա նման բան խոսի: Այլևս ոչ ոք չհամարձակվի իմ մեքենային, իմ արժանապատվությանը, ազնվությանը մոտիկ գա: Անհամբեր սպասում եմ հրապարակային հերքմանը, հրապարակային ներողությունների, եթե այդքան ազնվություն կա մարդկանց մեջ»,-ասել է Սիմոնյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: