Հայերեն   English   Русский  

Եկամտահարկի համահարթեցումը անարդար և անազնիվ մոտեցում է. Սուրեն Պարսյան


  
դիտումներ: 445

Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, միանշանակ չի ընկալվում հանրության կողմից: Ըստ տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի եկամտահարկի համահարթեցումը միայն խաթարելու է սոցիալական արդարությունն ու համերաշխությունը:

«Կառավարության ներկայացրած օրինագծով նախատեսվում է այժմ գործող եկամտային հարկի 23, 28, 36 տոկոսները՝ կախված եկամտի չափից, փոխել և բոլորի համար դարձնել 23 տոկոս: Այսինքն շատ եկամուտ ստացողը, կամ շատ աշխատավարձ ստացողը և քիչ աշխատավարձ ստացողը վճարելու են նույն չափով եկամտահարկ: Սա անարդար և անազնիվ մոտեցում է, քանի որ այս ձևով խաթարվում էսոցիալական արդարությունն ու համերաշխությունը: Հիշեցնեմ, որ ըստ Սահմանադրության մեր երկիրը սոցիալական պետություն է, և այս դրույթից ելնելով պետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ: Ըստ տրամաբանության՝ շատ ունեցողը հարաբերականորեն շատ պետք է վճարի քանի որ պետությունը շատ ունեցողի համար կատարում է շատ աշխատանք, քան քիչ ունեցողի համար: Մեր կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ ճանապարհով: Այսինքն ամեն ինչ թողնում է շուկայի վերահսկողության վրա»,-ասում է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա՝ միշտ չէ, որ շուկան արդարացի է բաշխումն անում և հաճախ այդ անարդարացի գործընթացի արդյունքում եկամուտների բևեռացում է տեղի ունենում: Որպես ասվածի ապացույց Պարսյանը Վրաստանի օրինակն է ցույց տալիս, որ ԱՊՀ երկրներում առաջին տեղն է գրավում եկամուտների բևեռացմամբ:

«Հարկային օրենսգրքի այս փոփոխությունը տանելու է սոցիալական բունտերի: Այն նաև տնտեսության զարգացման առումով ձեռնտու չէ: Երբ ասում ենք հարկային դրույքաչափերը եկեք սահմանենք 23 տոկոս, որը գրավիչ կլինի ներդրողների համար, կա խնդիր, որ երբ ներդրողը գա մեր երկիր, նրան պետք են լինելու որակյալ և առողջ կադրեր: Արդյոք մեր պետությունն այս հարկային համակարգի միջոցով կարող է ապահովել առողջ կադրերով, իհարկե ոչ»:

Պարսյանի կարծիքով՝պարտադիր կուտակային համակարգի ամբողջապես ներդրման արդյունքում չեն շահի նաև բարձր եկամուտ ստացողները, քանի որ նրանք վճարելու են ոչ թե 5, այլ 10 տոկոս:

«Նոր կառավարությունը փորձում է ամբողջ ծավալով ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: 2020 թվականից 500 հազար և ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ոչ թե 5, այլ տոկոս, այսինք տեղի է ունենում հետևյալը՝ պետությունը առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտային հարկը, 10 տոկոս կուտակային վճարը ավելացնելու պայմանով, ուստի բարձր աշխատավարձ ստացողնեռրը չեն շահելու»։

Քանի որ արդեն իսկ նախադեպեր կան, որ Կառավարությունը զիջումների է գնացել հանրության ճնշման արդյունքում, Պարսյանը կարծում է, որ այս դեպքում էլ, եթե հասարակությունը միասնական պայքար մղի, կարող է հասնել նրան, որ օրինագիծը հետ կանչվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: