Հայերեն   English   Русский  

Թեև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն առաջիկայում կանցնի առցանց գործունեության, սակայն մի քանի տարի աշխատատեղերի կրճատում չի լինի


  
դիտումներ: 492

ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց կոմիտեի վերջին 6 ամսվա գործունեությունը, խոսեց առաջիկա փոփոխությունների և նորամուծությունների մասին: Անդրադառնալով արդեն իսկ արված աշխատանքին Պետրոսյանը նշեց, որ չնայած շատ աշխատանք արվել է, բայց դեռ ավելին կա անելու:

«Բազմիցս ասել ենք, որ համակարգի առաջ շատ խիստ պահանջներ են դրված՝ պահպանել օրինականությունը, դրսևորել բարձր արհեստավարժություն և աշխատանքի նվիրվածություն: Կցանկանայի խոսել մեր արած աշխատանքների մասին: Վերջին 1 ամսվա ընթացքում մի քանի կարևոր փաստաթղթեր են ընդունվել Կառավարության կողմից, որոնցից են Ինտեգրված կադաստրի հայեցակարգը, որ նպատակ ունի ամբողջությամբ փոխել տարածական քաղաքականությունը: Որոշվել է ստեղծել հասցեների միասնական ռեգիստր, որը ֆուդամենտալ փոփոխություններ կբերի հանրային կառավարման ոլորտում: Բացի այդ մենք հռչակել ենք առցանց ինքնաշխատման համակարգ՝ անշարժ գույքի կադաստր ունենալու հայեցակարգի վերաբերյալ: Իրականացվել է անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վերանայման գործընթացը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:

Վերջինս խոսեց նաև այն նախաձեռնությունների մասին, որոնք սպասվում են առաջիկայում:

«Շուտով Ազգային ժողովում քննարկվելու է կադաստրի կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերի վրայից կնիքի բացակայության հարցը, որը հնարավորություն կտա մեր բոլոր ծառայություններն առցանց տարբերակով մատուցել: Առաջիակայում մի շարք օրենսդրական նախագծեր են մշակվելու: Մասնավորապես փոփոխվելու են 2 հիմնական օրենքները, որոնցով մենք աշխատում ենք: Արմատական փոփոխություն է լինելու Գույքի գրանցման մասին օրենքում: Նաև փոփոխվելու է անշարժ գույքի շուկայական գնահատման տրամաբանությունը, օրենքի նախագիծը պատրաստ է և մոտ ապագայում կսկսվի շրջանառվել: Կադաստրում այլևս չեն լինելու տարածքային տրամաբանության վրա հիմնաված աշխատող առանձնացված ստորաբաժանումներ: Նախատեսում ենք Վանաձոր քաղաքում խոշոր ստորաբաժանում հիմնել, որտեղ կպահվեն նաև թղթային արխիվները»:

Որպես գլխավոր նորամուծություն՝ Պետրոսյանը ներկայացնում է առցանց համակարգի ստեղծումը, որը կհեշտացնի ծառայությունների մատուցումը:

«Գլխավոր նորամուծությունը կադաստրում առցանց եղանակով աշխատանքն է առաջիկայում, և հնարավոր է մարդիկ կարիք էլ չունենան կադաստրի տեղն իմանալու, քանի որ ամեն ինչ հնարավոր կլինի իրականացնել առցանց եղանակով»:

Կոմիտեի ղեկավարը սակայն նշում է, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը առաջիկա 3-4 տարիների ընթացքում պատճառ չի դառնա աշխատատեղերի կրճատման համար:

«Եթե մարդիկ պատրաստ են փոփոխությունների և պատրաստ են նվիրված աշխատանքի, ապա հաստատ չեն կանգնի աշխատատեղերի կրճառտման վտանգի առաջ»:

Պետրոսյանն անդրադառնալով կոմիտեի բացթողումներին նշում է, որ դրանք գալիս են դեռ նախորդ իշխանություններից:

«Համակարգում գրեթե վերացվել են շահերի բախման դրսևորումները, որոնք բազմաթիվ էին: Բայց մի քանի խոշոր ծրագրերով նախկինում անփույթ մոտեցում է եղել և հանրային միջոցներ են փոշիացվել: Առաջիկայում դուք անպայման կլսեք դրանց մասին, քանի որ հիմա պատրաստվում են փաստաթղթերը, որոնք շուտով ուղարկելու ենք իրավապահ մարմիններին»:

Չնայած բացահայտումներին կողմ են, բայց Պետրոսյանը նշում է, որ Կադաստրի կոմիտեն, որպես անշարժ գույքի սեփականության իրավունքի երաշխավոր, չպետք է մտնի այդ դաշտ:

Իսկ ինչ վերաբերում է հասցեների միասնական ռեգիստրին, ապա Սարհատ Պետրոսյանն ասում է, որ այսօր Հայաստանում չունենք կենտրոնացված համակարգ, որը ցույց կտա, թե օրինակ Թումանյան 20, տուն 3-ը որտեղ է գտնվում, իսկ միասնական բազան թույլ կտա, որ բոլոր ռեգիստրները օգտվեն այդտեղից:

Պետրոսյանն անդրադառնալով բնակարանների գների բարձրացմանը՝ նշեց, որ չնայած շուկայում մրցակցություն կա, և այդ պատճառով բնակարանների վաճառքը ավելացել է, բայց գնային առումով ընդամենը 0.1 տոկոսով է ավելացում նկատվում:

Կադաստրի կոմիտեն մինչև հունիսի 30-ը պատրաստվում է տեղեկություններ տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աղետի գոտու ժամանակավոր կացարաններում բնակվողների անշարժ գույքի վերաբերյալ:

«Մենք այս պահին 75 տոկոսով պատասխանել ենք Լոռու մարզից մեզ ուղարկված հարցերին, և 35 տոկոսով՝ Շիրակի մարզից: Կարծում եմ մինչև հունիսի 30-ը կհասցնենք պատասխանել բոլոր հարցերին և հենց տեղական ինքնակառավարման մարմիններն էլ կհրապարակեն ուսումնասիրության տվյալները»,-նշում է Պետրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: