Հայերեն   English   Русский  

Մեր իշխանությունը պետք է հասկացնի Ադրբեջանին, որ եթե շարժ անի, ապա նրա զինվորները ոչ թե կհասնեն Շուշի, այլ կգնան Շահիդների պուրակ. Գրիգորի Այվազյան


  
դիտումներ: 501

Հունիսի 7-11-ը Թուրքիայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների անձնակազմերը ադրբեջանական զինված ուժերի հետ մասնակցելու են «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով համատեղ զորավարժությանը՝ Նախիջևանում:

Վերջին շրջանում անընդհատ կրկնվող զորավարժություններին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանահայերի անսամբլեայի փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը: Ըստ Այվազյանի զորավարժություններն ու ընդհանրապես մեր հարևան երկրներում տեղի ունեցող զարգացումները չպետք է առանձին-առանձին դիտարկել, դրանք պետք է վերլուծել համապատկերի ֆոնի վրա:

«Որոշակի զարգացումներ տեղի ունեցան, որ ստեղծեցին այս իրավիճակը: Նախևառաջ կցանկանայի հիշեցնել, որ բոլորովին վերջերս մայիսի 20-24-ը լայնածավալ զորավարժություններ էր իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի մոտ և սրանից մի քանի օր հետո մեկնարկեցին արդեն Անսասան եղբայրություն զորավարժությունները: Բայց կարևոր է, թե ինչ իրադարձություններ են նախորդել այս զորավարժություններին: Հիշում ենք, թե Ադրբեջանում, Թուրքիայում ինչ պատասխաններ էին տալիս Մինսկի խմբի համանախագահողների այն հորդորներին, որ պետություններին պետք է խաղաղության նախապատրաստել: Մինչ մեր վարչապետի տիկինը խաղաղության կոչեր էր անում, Ադրբեջանի առաջին տիկինը հակառակ տեսակետներ էր արտահայտում: Պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ մեր նախարարի հետ հանդիպելու է Երևանում և այլն»,-ասում է Գրիգորի Այվազյանը:

Անդրադառնալով լայնածավալ զորավարժություններին՝ վերջինս նշում է, որ դրանց թիրախում միշտ էլ Հայաստանն ու Արցախն են եղել:

«Զորավարժությունների կարգախոսն էր, որ շարժվում են դեպի Շուշի: Մեր իշխանությունները պետք է իրենց հուշեն, որ շարժը, ոչ թե նրանց կհասցնի շուշի, այլ կուղեկցի Շահիդների պուրակ: Այսինքն այնտեղ կհուղարկավորվեն, եթե փորձեն ոտնձգություն իրականացնել Հայաստանի կամ Արցախի նկատմամբ»:

Ադրբեջանագետը նշում է, որ հաճախացել են Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Արցախում բնակվող Ադրբեջանցիների և նրանց ներկայացուցիչների հետ, մինչդեռ Ադրբեջանում բնակվող հայերը չեն ընդգրկվում բանակցություններում: Իսկ ինչ վերաբերում է Նախիջևանում անցկացվող զորավարժություններին, ապա, ըստ Այվազյանի , անհանգստանալու այլ առիթներ կան:

«Շատերը անհանգստանում են, որ թուրքական որոշ ստորաբաժանումներ են մտել Նախիջևանի ինքնավար Հանրապետության տարածք: Ոչ մեկի համար չպետք է գաղտնիք լիներ, որ վաղուց Նախիջևանի ինքնավար Հանրապետության տարածքում գործում է թուրք-ադրբեջանական բանակ, որը իբր թե միայն ադրբեջանական է: Ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա մեր մայրաքաղաքից ունենք թուրք-ադրբեջանական հզոր բանակ կամ ռազմական օջախ: Եվ սա պետականության պահպանման համար շատ վտանգավոր է»:

Ըստ Այվազյանի՝ մեր իշխանությունները պետք է համապատասխան քայլերի դիմեն:

«Խաղաղության պատրաստել թշնամուն, որը պատրաստվում է ակնհայտ ռազմական ագրեսիայի դիմել, անիրատեսական է: Մենք պետք է գիտակցենք, որ դիմություն, ընդիմություն գտնվում են մի նավակում, և այդ նավակը շատ ճոճել չի կարելի, քանի որ այն կարող է ճակատագրական լինել: Բայց այսօր մենք ականատես ենք լինում Արցախի ու Հայաստանի քաղաքական գործիչների բանավեճերին, լեզվակռիվներին»:

Ադրբեջանագետը կոչ արեց բոլորին զսպվածություն և զգոնություն ցուցաբերել երկրի ներքին հարցերի քննարկամն ժամանակ, քանի որ թշնամին ու պատերազմը սարերի հետևում չեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: