Հայերեն   English   Русский  

Անձով պայմանավորված կրճատումներ են լինելու քաղաքապետարանում. Անի Խաչատրյան


  
դիտումներ: 449

Երևան քաղաքում, չնայած քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքներին, խնդիրներ դեռ շատ կան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի ավագանու «Լույս»խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ այդ խնդիրներին: Խոսելով աղբահանության և վերջին շրջանում քաղաքապետարանի կողմից ձեռք բերված նոր մեքենաների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ չնայած արդեն 5 կամազ մակնիշի մեքենա է գնվել և դրանք արդեն իսկ Երևանում են, բայց խնդիրը միայն մեքենաների ձեռքբերմամբ չի լուծվում:

«Մեքենաների միայն Երևան հասնելով չէ խնդիրը լուծվում: Ես մինչ օրս չեմ հասկանում, թե էդ մեքենաները ինչպես են աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում, ինչպես են վճարվում վարորդները: Պետք է հաստիքացուցակ ներկայացվի և այն ավագանին պետք է հաստատի, սակայն այն դեռ հաստատված չէ: Մենք տեղեկություն չունենք, թե նոր մեքենաների վարորդները կամ նրանց հետ աշխատող բանվորներն ինչ գումարներով են վարձատրվում»:

Չնայած Կառավարությունը թույլ տվեց, որ քաղաքապետարանը ձեռք բերի 5 մեքենաներ, սակայն Խաչատրյանը նշում է, որ Երևանի համար 5 նոր մեքենան շատ քիչ է և դրանով, մեծ հաշվով, հարցը չի լուծվում: Ըստ նրա՝ մոտավոր հաշվարկներով 27 մեքենա է պետք՝ կարգավորված աղբահնություն կազմակերպելու համար:

«Մենք ընդունեցինք այն փաստը, որ Երևանը պետք է դառնա այսպես ասած երկրորդ օպերատորը «Սանիթեքից» հետո, չնայած «Սանիթեքն»արդեն ինքն իրենով 2 օպերատոր է: Որպեսզի Երևանն էլ դառնա օպերատոր պետք է լուծարել այդ ընկերության հետ կնքած պայմանագրերը: Դրանք չեղարկելու համար քաղաքապետարանը բազմիցս հնարավորւթյուններ է ունեցել, և ինձ հետաքրքիր է, թե ինչու չեն լուծվել պայմանագրերը: Հնարավոր է քաղաքապետը ցանկանում է ընկերությանն անընդհատ տուգանելով գումարներ բերել բյուջե: Բայց պետք է շատ զգույշ աշխատել «Սանիթեք» ընկերության հետ, որպեսզի հետագայում միջազգային դատարաններում խնդիրներ չունենանք»,-ասում է ավագանու անդամը:

Անդրադառնալով այն հարցին, որ ընկերությունն էլ հաճախ քաղաքապետարանին է մեղադրում պարտականությունները չկատարելու համար, Խաչատրյանը նշում է. «Հիմնական մեղադրանքը կապված է աղբավայրի հետ, ճանապարհը շատ վատն է և պետք է նոր աղբավայր կառուցվի, սակայն այս ավագանին իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում չէր կարող լուծել այդ խնդիրը: Ես վստահ եմ, որ ներկայիս աղբավայրի պատճառով շարքից դուրս են գալու նաև նոր ձեռք բերված մեքենաները»:

Խոսելով քաղաքապետարանում ավելացող նոր հաստիքների և կրճատումների մասին Անի Խաչատրյանը նշեց, որ կրճատվելու է ֆինանսական վարչության ղեկավարի տեղակալների հաստիքը:

«Անձի հետ կապված կրճատումներ են նախատեսվում հաստիքացուցակով: Օրինակ Երևանի քաղաքապետարանում այլևս չի գործելու ֆինանսական վարչության պետի տեղակալ հաստիքը: Ես դեռ 1 ամիս առաջ էին նշել, որ էնտեղ կա անձ, որ հիանալի աշխատող է՝ շատ մեծ աշխատանքային փորձով, սակայն քաղաքապետարանը փորձում է հեռացնել նրան: Չգիտեն՝ ոնց անեն, դրա համար այդ հաստիքն են կրճատում: Խոսքը Համազասպ Գալստյանի մասին է: Իսկ ինչ վերաբերում է նոր աշխատատեղերին, ապա վերջին նիստերից մեկում ընդունեցինք, որ համատիրությունները չպետք է հավաքեն աղբահանության գումարը, այլ վարչական շրջանները: Ներկայացվող հաստիքացուցակով 50 հաստիք ավելանում է հենց դրա համար: Սակայն դրա կարիքը չկար, քանի որ գույքահարկ հավաքագրող մարդիկ կարող են միանգամից հավաքել նաև աղբի գումարը, ի՞նչ կարիք կա, որ 2 մարդ այցելի բնակարաններ»:

Անդրադառնալով փողոցային առևտրին՝ Խաչատրյանը նշում է, որ դեռ նախկին իշխանությունների կողմից էր այն վերացվել, սակայն այսօր կրկին սկսում է ավելանալ:

«Տարոն Մարգարյանի օրոք ամենամեծ ձեռքբերումը դա էր, որ վերացել էր փողոցային առևտուրը: Բայց հեղափոխությունից հետո սկսեց ավելանալ: Առաջարկվել է առևտրականներին տեղափոխվել շուկա, սկզբնական ամիսներին անվճար, հետո կարծեմ 200-300 դրամ չնչին գումարով, բայց կան մարդիկ որ հրաժարվում են»:

Խոսելով ապամոնտաժման և կանաչապատման աշխատանքների մասին «Լույս» խմբակցության անդամը նշում է, որ ապամոնտաժումները կանաչապատմանը չեն նպաստել:

«Օպերայի տարածքում 2 սրճարանի ապամոնտաժումը ոչ մի խնդիր էլ չլուծեց: Պետք էր թողնել, որ դրանք մեկ տարի էլ աշխատեին, հետո մեծ մրցույթ հայտարարել ու հաղթող ընկերությանը թույլ տալ, որ այդ տարածքում պուրակ կառուցի»,-հավելեց Խաչատրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: