Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ են կանայք քիչ վարձատրվում Հայաստանում և ինչպե՞ս հաղթահարել աշխատաշուկայում առկա խտրականությունը․ փորձագետի կարծիք


  
դիտումներ: 1230

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց 28,1%-ը ունի բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Կանանց աշխատանքի սահմանափակման և նրանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետևանքով Հայաստանը համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար է կորցնում։

Աշխատանքի հայտարարությունների ուսումնասիրությունն էլ վկայում է՝ մեծամասամբ, եթե հայտարարության մեջ նշված է, որ իգական սեռի աշխատակից է պահանջվում, նշանակում է, որ վարձատրությունը նվազագույն աշխատավարձի սահմաններում է լինելու։

Աշխատաշուկայում ընդգրկված կանանց ու տղամարդկանց աշխատավարձի տարբերության, ցածր վարձատրվող ոլորտներում կանանց կենտրոնացվածության պատճառների մասին «Անկախը» զրուցել է գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանի հետ։

Նա փաստում է, որ մեր իրականությունում կանայք կենտրոնացած են ցածր վարձատրվող ոլորտներում և հավելում, որ չնայած «տղամարդկային մասնագիտություն» և «կանացի մասնագիտություն» բնորոշումներին չկա որևէ աշխատանք, որ կարող են կատարել միայն կանայք կամ միայն տղամարդիկ։ «Անգամ ուժային մասնագիտությունների դեպքում սա չի գործում, քանի որ կան ֆիզիկապես ուժեղ կանայք և կան թույլ տղամարդիկ»,- ասում է նա։

Նա նշում է՝ վարժապետությունը պատմականորեն տղամարդկային ոլորտ է եղել, բայց այժմ կրթության ոլորտի ներկայացուցիչների 80 տոկոսը կանայք են․ պատճառը ուսուցչի ցածր վարձատրությունն է։ Զաքարյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ հենց որևէ ցածր վարձատրվող ոլորտում աշխատավարձը բարձրանում է, այդ ոլորտում կանանց և տղամարդկանց հարաբերակցության փոփոխություն է տեղի ունենում, տղամարդիկ սկսում են գալ դեպի այդ ոլորտ։

Կանանց թիվը քիչ է նաև ղեկավար օղակներում, այսինքն որքան բարձր է պաշտոնը, հետևաբար և բարձր վարձատրությունը, այնքան քիչ են այդ մակարդակում կանայք։

Զաքարյանը նշում է, որ աշխատանքի վարձատրությունը պետք է պայմանավորված լինի դրա հանրօգուտությամբ։ Մինչդեռ Հայաստանում որևէ աշխատանքի հանրօգուտության մակարդակը ուսումնասիրված չէ: «Եթե այդ տեսանկյունից նայենք, հանքարդյունաբերական գործարանում աշխատող բանվորի գործն, իհարկե, կարևոր է և միգուցե վտանգավոր, բայց մանկավարժի գործը բացարձակ թեթև գործ չէ, դա էլ իր ռիսկերն ունի և հասարակական առումով շատ ավելի կարևոր է»,- ասում է նա։

Անդրադառնալով կանանց էժան աշխատուժ լինելու հանգամանքին՝ Զաքարյանը նշում է, որ պատմականորեն է այդպես եղել, միշտ էժան աշխատուժ են եղել կանայք և երեխաները, երեխաների աշխատանքն ինչ-որ պահի արգելվել է, մնացել են կանայք։

«Ե՞րբ կանայք մտան աշխատաշուկա։ Երբ զարգացան բուրժուական հարաբերությունները, ստեղծվեց շուկա, գործարաններ ու ֆաբրիկաներ և մեծ քանակությամբ ազատ աշխատուժի կարիք կար։ Մինչ այդ կանայք չէին աշխատում։ Այսինքն տնտեսական անհրաժեշտություն էր, որ կանայք դուրս գան աշխատաշուկա։ Դրան համընկավ կանանց շարժումը, որը պայքարում էր կանանց քաղաքական իրավունքների համար»,- ասում է նա։

Հարցին, թե ինչու են կանայք կենտրոնացած ցածր վարձատրվող ոլորտներում, Զաքարյանն ասում է, որ պատճառները մի քանիսն են։ Նախ՝ ձգտելով համատեղել աշխատանքային և ընտանեկան պարտականությունները, կանայք այնպիսի աշխատանք են նախընտրում, որ համեմատաբար թեթև գրաֆիկ կունենա․ «Կանայք ձգտում են ունենալ աշխատանք, որի դեպքում օրվա մի մասն ազատ կլինեն։ Այդպիսին է, օրինակ՝ մանկավարժությունը, չնայած որ մեծ լարում պահանջող և պատասխանատու աշխատանք է»։

Գենդերային հարցերով փորձագետը շեշտում է, որ կանանց կրկնակի, իսկ գյուղերում նաև եռակի ծանրաբեռնվածությունը հանգեցնում է նրան, որ կանայք, ավելի ծանրաբեռնված լինելով ընտանեկան հոգսերով քան տղամարդիկ, խուսափում են բարձր պաշտոններից ու կարիերայի առաջընթացից։

«Ի՞նչ է նշանակում ավելի բարձր պաշտոն։ Դա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատես, աշխատանքդ հաճախ կարող է նորմավորված չլինել, պիտի կարողանաս ինչ-որ բանից հրաժարվել։ Այդ իսկ պատճառով կանայք շատ դեպքում ընտրում են ավելի ցածր պաշտոնը, որն ավելի քիչ ժամանակ է խլում»,- ասում է նա՝ հավելելով, որ այդպիսով գուցե ընտանիքն օգտվում է, սակայն հասարակությունը մեծ կորուստ է ունենում։

«Կանայք հասարակության տաղանդների կեսն են։ Ստացվում է, որ տաղանդների կեսը փակում ենք ընտանիքում։ Նա կարող է տաղանդավոր տնային տնտեսուհի դառնալ և դրանից շահում է ընտանիքը, բայց նա որպես անհատ է կորցնում, կորցնում է նաև հասարակությունը և շատ ավելի շատ»,- ասում է Զաքարյանը և վկայակոչում հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն անգամ ընտանիքի անդամների կողմից առավել գնահատված են այն կանայք, որոնք որոշակի հաջողության են հասել հասարակական ոլորտում։

Զաքարյանը որպես մեկ այլ պատճառ, թե ինչու են կայանք կենտրոնացած ցածր վարձատրվող ոլորտներում, նշում է իրողությունը, որ հավասարության պայմաններում գործատուն նախապատվություն է տալիս տղամարդուն․ «Ոչ թե կինն ի սկզբանե փնտրում է ցածր վարձատրվող աշխատանք, այլ որպեսզի նա հաջողության հասնի, պետք է մի գլուխ բարձր լինի տղամարդուց։ Հավասար պայմաններում կնոջը չեն ընտրում»։

Անդրադառնալով վաճառքի և սպասարկման ոլորտներում կանանց մեծ ներգրավվածության ու էլի ցածր վարձատրության խնդրին՝ Զաքարյանն ասում է, որ ստեղծված իրավիճակի պատճառներից է գործազրկության բարձր մակարդակը, ինչի պատճառով գործատուն երբեմն շահագործում է իր աշխատողներին։ «Հաճախ գրանցված աշխատող չեն և հետևաբար զուրկ են որևէ սոցիալական երաշխիքներից։ Աշխատում են ցրտի, շոգի պայմաններում՝ առանց նվազագույն հարմարությունների։ Աշխատում են 10-12 ժամ։ Բայց քանի որ գործազրկությունը բարձր է, պոտենցիալ աշխատողների մշտական հոսք կա»,- ասում է նա։ Նրա խոսքով, սակայն, նկարագրված իրավիճակի պատճառը ոչ միայն գործազրկությունն է, այլ նաև կրթական համակարգի բացը։ Ասում է, որ ներկայում շատ կարևոր է, թե որքանով է կրթությունը կիրառական։

«Գենդերային մի այսպիսի տարբերություն էլ կա․ մեր կրթական համակարգը նախատեսված է համբերատար, երկար նստող, ուսմանը շատ ժամանակ հատկացնողների համար, իսկ այդպիսին աղջիկներն են։ Իսկ ինչ է նշանակում անընդհատ նստել, կարդալ ու սովորել․ ձեռք ես բերում գիտելիք, բայց չունես ժամանակ ոչ միայն կիրառելու գիտելիքներդ ինչ-որ տեղում, այլ անգամ մտածելու համար։ Տղաների դեպքում ավելի ազատ են, շատ դեպքերում մատների արանքով են նայում և ավելի շատ են ինքնուրույն սովորում, կյանքի դպրոց անցնում։ Կյանքի դպրոցում կան շատ փորձություններ, որոնք տղա երեխան պետք է ինքնուրույն հաղթահարի։ Համալսարաններում այդ փորձությունները չկան, վատագույն դեպքում այդ փորձությունը կաշառակեր դասախոսն է։ Այսինքն ստացվում է, որ կրթությունը, որ ստանում են կանայք և տղամարդրիկ, տարբեր է՝ կանայք կրթվում են ֆորմալ ինստիտուտների միջոցով, տղամարդիկ՝ ոչ ֆորմալ,- ասում է Զաքարյանը։- Քանի որ մեր աշխատանքային հարաբերություններն էլ շատ դեպքերում ֆորմալ ձևով չեն կարգավորվում, չեմ խոսում օրենքի, այլ պրակտիկայի մասին, ստացվում է, որ ավելի շատ հնարավորություն է ստանում այն մարդը, որն ավելի ճկուն է, ավելի շատ խոչընդոտներ կարող է հաղթահարել, ավելի ազատ է մտածում և ավելի անկաշկանդ է։ Իսկ դա հենց այդ նույն գենդերային սոցիալականացման հետևանքով տղամարդն է, այստեղից էլ է գալիս այդ տարբերությունը»։

Աշխատաշուկայում առկա խտրականության գործում մեծ է նաև օրենսդրական բացի դերը։ Ասում է, չնայած արտաքին աշխարհին հայտարարում ենք, որ ունենք կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ, իրականում չունենք։ «Եթե այդ մեխանիզմը գոյություն ունենար, ցանկացած օրենք, ենթաօրենսդրական ակտ, որոշում պետք է անցներ գենդերային վերլուծություն և տեսնեին, թե որքանով է արդյունքների տեսանկյունից հավասարապես ազդում կանանց և տղամարդկանց վրա, ցանկացած խտրականության վրա պետք է արգելք դրվեր»,- ասում է նա։

Զաքարյանը լուրջ խնդիր է համարում նաև սեռական ոտնձգության խնդիրն աշխատավայրում, որը խտրականության ծայրահեղ դրսևորում է։ Ասում է, որ հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունն աշխատանքի հայտարարությունները, որոնք բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ են պահանջում, իսկ նման հայտարարություններ շատ են, ընկալում են հենց այդ տեսանկյունից։

«Դա տարածված երևույթ է և կապ չունի հիմնարկը, ոլորտը, ինչ տիպի մարդիկ են այնտեղ հավաքված։ Երբ ասում ենք սեռական ոտնձգություն, անպայման չենք դիտարկում սեռական կոնտակտ։ Դա կարող է տարբեր ձևերով դրսևորվել՝ հաճոյախոսություններով, հայացքներով, ոչ պարկեշտ արտահայտություններով, առաջարկներով»,- ասում է նա՝ հավելելով, որ կարևոր է կանանց իրազեկել, թե ինչպես կարող են իրենց պաշտպանել նման իրավիճակում և ինչ քայլեր կարող են ձեռնարկել։

Նա ասում է, որ օրինակ՝ որոշակի առոգանությամբ արված հաճոյախոսության համար աշխատակիցը չի կարող իրավապահներին դիմել, նման իրավիճակում չկա պաշտպանության որևէ մեխանիզմ, մինչդեռ այդ երևույթը ստեղծում է անհարմար վիճակ, կինը հաճախ այլևս չի ցանկանում աշխատանքի գնալ կամ վախենում է։ «Նման բաները շատ տարածված են, բայց թաքնված են։ Կանայք պարզապես չգիտեն, թե ինչպես կարող են վարվել նման իրավիճակում։ Մինչդեռ այլ երկրներում գործում են հատուկ հանձնաժողովներ, որոնց կարելի է դիմել նման խնդիրներով։ Նման երկրներում նաև սահմանված է, թե օրինակ, ինչ չի կարելի ասել կամ անել աշխատավայրում»,- ասում է նա։

Հարցին օրենսդրական փոփոխությունները կարող են հարցի լուծում լինել, Զաքարյանն ասում է, որ խտրականությունն օրենքով արգելված է։ «Կա «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենք, որն ընդունվել է 2013-ին։ Այնտեղ խտրականությունն արգելվում է, բայց խնդիրն այն է, որ այդ օրենքը չի գործում, անգամ շատ իրավապահներ չգիտեն, որ կա այդպիսի օրենք։ Նաև այդ օրենքն ուժեղ մեխանիզմներ չունի,- ասում է նա։- Օրենքի առկայությունը դեռ չի նշանակում խնդրի լուծում։ Մեզ մոտ քիչ է ունենալ օրենք, պետք է ունենալ նաև քաղաքական կամք, որպեսզի այդ օրենքը գործի։ Այստեղ ավելի լայն խնդիր է, թե ինչպես անենք, որ օրենքն անարգող ազգից դառնանք օրենքը պաշտող ազգ, սա մշակութային խնդիր է։ Եվ առաջին հերթին օրինապահությամբ պետք է աչքի ընկնեն իշխանավորները»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: