Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը վախենում է պատերազմից և ճիշտ է անում. Արմեն Աշոտյանն անդրադարձավ արցախյան խնդրին


  
դիտումներ: 331

«Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունն ընկել է արտաքին քաղաքականությունում»։

Անդրադառնալով Հայաստանի ներկա արտաքին հարաբերություններին այսօր՝ հունիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ այսօրվա Կառավարությունն է մեղավոր, որ Հայաստանը պատրաստ չէ դիմագրավել դրսից եկող մարտահրավերներին:

«Պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ, որպեսզի փաստնք այս դառը իրողությունը: Մեր իշխանությունները իրենց քարոզչական բոլոր հնարքները գործադրելով փորձում էին մեր հասարակության վրա վաճառել այն հեքիաթը, որ Հայաստանը չի զիջել իր դիրքերը ՀԱՊԿ-ում: Անկեղծ ասած, զարմանում եմ, թե ինչպես կարելի է այս թեման ընդհանրապես բարձրաձայնել իշխանությունների կողմից, որովհետև եթե ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Հայաստանինը չէ, և դա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պատճառով, ապա մեզ համար բացարձակապես կապ չունի թե հաջորդ ներկայացուցիչը ով կլինի»,-ասաց Աշոտյանը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ Հայստանը այսօր լուրջ խնդիրներ ունի նաև արցախյան հարցի հետ կապված և այս հարցում բազմիցս թերացել է թե Կառավարությունը, թե Կառավարաության ղեկավարը:

«Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ չունի ռազմավարություն, չունի հայեցակարգ։ Երբ օրերս պատմում էր, որ Արցախի ղեկավարության հետ կիսել է իր ռազմավարությունը, մի քիչ լավ հիշողություն ունեցող մարդիկ հիշեցին, որ մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ–ում խոստովանում էր, որ չունի ռազմավարություն, ասում էր գրեք-տվեք, գնամ ներկայացնեմ։ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատերազմից և ճիշտ է անում, քանի որ յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է վախենա պատերազմից։ Բայց այդ վախերով հանդերձ նա քայլեր չի ձեռնարկում, որ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերիներին, որոնց մենք առերեսվում ենք»:

Ըստ Աշոտյանի՝ մինչ օրս Փաշինյանը չի հայտարարել այն մասին, որ ուղիղ բանակցությունների մեջ է Ալիևի հետ:

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում, չի խոսվում Ալիևի հետ ուղիղ կապի մասին։ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որ առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով, լի է բազմաթիվ վտանգներով։ Բախտներս բերել է որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի խորուն է և իմաստուն, որ չի տրվում Փաշինյանի սադրանքներին»,-ասաց նա։

Խոսելով Հայաստանի և Եվրոպայի միջև առկա հարաբերությունների մասին՝ Աշոտյանը նշեց, որ ինքը, չնայած սկեպտիկ կանխատեսումներ է անում, սակայն կարծում է, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կրկին հետաձգվելու է:

«ԵՄ նոր ղեկավարությունը քիչ հետաքրքրվածություն ունի Արևելյան գործընկերության նկատմամբ: ԵՄ–ն նաև մեծ դժվարությամբ է ունենալու միասնական արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որը որոշակի մարտահրավերներ պարունակող իրողություն է հատկապես անհանգիստ ռեգիոնների համար, ինչպիսին Հարավային Կովկասն է։ Բացի այս, եվրոպական նոր ղեկավարությունը ավելի քիչ հետաքրքրված է լինելու Արևելյան գործընկերությամբ։ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կրկին հետաձգվելու է, քանի որ եվրոպական քաղաքական վերնախավում առաջացել է այլ օրակարգ ունեցող քաղաքական ուժերի զգալի ներկայություն»։

Հայաստանի իշխանությունների կողմից հենց հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաստատումը, Ըստ Աշոտյանի, խորհրդանշական քայլ էր:

«Հունիսի 1-ին վերջապես ՀՀ-ն հաստատեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Հունիսի 1-ը սիմվոլիկ էր, որովհետև անցած տարի ուժի մեջ մտած պայմանագիրը մեկ տարի հետո նոր Հայաստանի կառավարության կողմից ստանում է իրականացման ինչ–որ ռազմավարական փաստաթուղթ: ԵՄ-ն ակնկալում էր, որ այդ ճանապարհային քարտեզը պետք է հաստատվի կառավարության որոշմամբ, այսինքն՝ ստանա օրենքից մի կարգ ներքև իրավական ուժ, որը տալու էր լրացուցիչ քաղաքական կարևորություն։ Այնինչ այն ստացել է վարչապետի որոշման իրավական լուծում, սա ևս մեկ սխալ քաղաքական ուղերձ է եվրոպական հանրությանը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: