Հայերեն   English   Русский  

Փաստաբանների պալատում նշեցին փաստաբան Հրաչիկ Գոգինյանի 95-ամյակը


  
դիտումներ: 1014

Փաստաբանների պալատի աշխատակիցները լավ գիտեն, որ տարվա ընթացքում կան հատուկ օրեր, երբ իրենք հյուրընկալում և իրենց շնորհակալությունն են հայտնում տասնյակ տարիների փորձ ունեցող վետերան փաստաբաններին:

Հայրենական պատերազմի վետերան, ավելի քան 30 տարվա փաստաբան Հրաչիկ Գոգինյանն այսօր դարձավ 95 տարեկան: Գրեթե 1 դար ապրած փաստաբանի համար բոլորի շնորհավորանքներից առանձնանում են կրտսեր կոլեգաների շնորհավորանքներն ու մաղթանքի խոսքերը: Նման խոսքեր Հրաչիկ Գոգինյանը՝ իր հասակակից մյուս 2 փաստաբանների հետ, Փաստաբանների պալատում առիթ է ունենում լսելու նաև Հայրենական պատերազմի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Հրաչիկ Գոգինյան

«Պարոն Գոգինյան, շնորհավորում եմ Ձեզ 95-ամյակի կապակցությամբ: Ես շատ եմ կարևորում ձեր աշխատանքային հարուստ փորձը, ուրախ եմ, որ Ձեր նման փորձառու մարդու հետ ենք շփվում»,-ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Հրաչիկ Գոգինյան

Բացի տոնական տորթից ու ջերմ խոսքերից, այսօր պալատում որոշել էին փոքր-ինչ յուրահատուկ ձևով նշել իրենց ավագ գործընկերոջ տարեդարձը: Քանի որ Հրաչիկ Գոգինյանն ամենատարեց փաստաբանն է պալատում, նրան ներկայացրին նաև ամենաերիտասարդին՝ 22-ամյա Նորայր Ավագյանին:

«Լավ տղա դառնաս։ Փաստաբանից ավելի լավ բան չկա։ Երբ դառնաս դատավոր վրադ շատ են խոսելու։ Բայց փաստաբանը հիանալի մասնագիտություն է»,-իրենից ուղիղ 73 տարի երիտասարդ փաստաբանին խորհուրդ տվեց Գոգինյանը։

Հրաչիկ Գոգինյանին նվիրեցին անվանական կոնյակ և շնորհակալագիր, դե իսկ մաղթանքը մեկն էր, որ կոնյակը փորձառու փաստաբանի հետ խմելու են նրա 100-ամյակի միջոցառմանը:

Հրաչիկ Գոգինյան

«Շնորհակալ եմ ձեր վերաբերմունքի համար։ Խոստանում եմ ապրել այնքան, մինչև թոռներս էլ թոռներ ունենան։ Իսկ կոնյակը կխմենք 100-ամյակիս՝ Դսեղում»,-խոստացավ Հրաչիկ Գոգինյանն ու բոլորին հրավիրեց իր ծննդավայր՝ Դսեղ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: