Հայերեն   English   Русский  

Քոչարյանի պաշտպանը հայտարարեց, որ վաղվա դատական նիստում իրենք հրաժարվելու են իրենց հայցադիմումից


  
դիտումներ: 600

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ վարչական շրջանի նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց մինչև վաղը:

Դատարանը սկզբում բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը և որոշեց ժամանակ տրամադրել Քոչարյանի փաստաբաններին հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու համար, սակայն 5 րոպե ընդմիջում խնդրելուց հետո Քոչարյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ եթե պաշտպանական կողմը հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը հայցի առարկա հայտարարությունն անելով ի նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենք պատրաստ են հրաժարվել իրենց հայցադիմումից:

Նիկոլ Փաշինյանի փաստաբանն էլ հայտարարեց, որ իր վստահորդի անունից լիազորված է ասելու, որ այդ հայտարարությունը վերաբերվել է սահմանադրաիրավական նորմին և միանշանակ չի վերաբերել Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ խնդրեց դատարանին, որ վաղը նշանակեն նիստ, և ասաց, որ նիստի ժամանակ իրենք գրավոր ձևով կներկայացնեն, որ հրաժարվում են իրենց հայցադիմումից:

Դատական նիստը կգումարվի վաղը՝ հունիսի 13-ին, ժամը 14:00-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: