Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված 3 նոր ծանր հիվանդությունների պատճառով հնարավոր է անդամահատություն կատարվի. Լևոն Բաղդասարյան
Վերջինս տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մոտ նոր ծանր հիվանդություններ են հայտնաբերվել:
«Երեկ տեղի է ունեցել կոնսիլիում, որին մասնակացել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները, Առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետները, և հանդիպման արդյունքում տրվել է հետևյալ եզրակացությունը, որ եղած հիվանդություններին, որ մոտավորապես 30-ի են հասնում և դրանց մեծ մասը ձեռք են բերվել կալանքի ընթացքում, ավելացել են ևս 3 ծանր հիվանդություններ: Հիմա չեմ բարձրաձայնի դրանց անունները, միայն կասեմ, որ նոր են հայտնաբերվել: Դրանց հետևանքը լինելու է անդամահատությունը, այսինքն Մանվել Գրիգորյանի առողջությունը հասել է այդ վիճակին»,-ասաց Բաղդասարյանը:
Փաստաբանին զարմացրել և զայրացրել է այն փաստը, որ անգամ այս հիվանդություններից հետո քրեակատարողական հիմնարկից գրություն են գրել, որում ասվում է, որ տվյալ հիվանդությունների բուժման համար ՔԿՀ-ում կան բոլոր անհրաժեշտ պայմանները:
«Եթե այսքանից հետո պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձին՝ ստահոդ հայտարարությունների համար, ապա հետևությունս լինելու է այն, որ ուղղակի հրահանգ կա Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացնել հաշվեհարդար: Հակառակ պարագայում տվյալ պաշտոնատար անձը չէր ունենա այդ համարձակությունը ՄԻԵԴ-ին ուղարկված Կառավարության դիրքորոշումից հետո նման բան հայտարարելու համար»:
Լևոն Բաղդասարյանը նշում է, որ օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանն է փաստել, որ հնարավոր չէ Գրիգորյանի բուժումը կազմակերպել ՔԿՀ-ի հիվանդանոցում:
Վերջում փաստաբանը նշեց, որ եթե առաջիկայում վարչապետը կամ պատկան մարմինները չարձագանքեն ու պատասխանատվության չենթարկեն նման հայտարարություն արած անձանց, ապա ինքը կրկին դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն քանի որ Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 6–ին նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: