Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արդարադատության նորանշանակ նախարարին. տեսանյութ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
«Հարգելի գործընկերներ ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ուրախ եմ ձեզ ներկայացնելու Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Պարոն Բադասյանին ես ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Ես կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է կառավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Կարևոր է, որ անցումային այս փուլում Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք ուղղվում են Կառավարության կողմից»,-ասաց Փաշինյանը:
Նա շնորհակոլություն հայտնեց Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ կատարած աշխատանքի համար և նշեց, որ Զեյնալյանը Հայաստանում չէ և այդ պատճառով ներկա չէ հանդիպմանը:
«Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք համակարգում պոզիտիվ միջավայր ստեղծել և մոտիվացնել աշխատակիցներին կրեատիվ աշխատանքի համար»,-խոսքն ամփոփեց Փաշինյանը:
Ռուստամ Բադասյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ թեև Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո իհարկե դժվար աշխատանք է սպասում իրեն համակարգում, բայց պատրաստ է անել ամեն ինչ վարչապետի վստահությունն արդարացնելու համար: