Հայերեն   English   Русский  

Եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ճգնաժամը չի հանգուցալուծվի. Արարատ Միրզոյան


  
դիտումներ: 530

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած զարգացումներին: Միրզոյանը նշեց, որ ինքը ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից նամակ, որում նկարագրված է ՍԴ-ում առկա ճգնաժամը:

«Ես ստացել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը և պատրաստվում եմ այն ուղղել բոլոր մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ՝ քննարկման մեծ նյութ կա և առիթ: Վահե Գրիգորյանը նամակով դիմել է սահմանադրական մարմիններին՝ ԱԺ-ին, կառավարությանը, ՀՀ նախագահին: Ես չեմ վարանի ասել նաև, որ ըստ ամենայնի, ճգնաժամի մասին կարելի է խոսել: Մենք խոսում ենք Հայաստանի իրավական անվտանգության մասին, հետևապես ողջունում եմ, որ Վահե Գրիգորյանն իր նամակը բոլոր մարմիններին է ուղղել, որովհետև նման ճգնաժամերից ժողովուրդները դուրս է գալիս լայն քննարկումների և համախոհության, լայն կոնսենսուսի ճանապարհով:

Բոլոր այն անձինք, որոնք մասնակցում են ՍԴ-ի կազմավորմանը, պետք է լուրջ դիսկուրս ունենան, որպեսզի հասկանանք, թե ոնց ենք դուրս գալիս սրանից»,-ասաց Միրզոյանը:

Նա նաև անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ Վահե Գրիգորյանն անում է Սահմանադրության չափազանց տառացի մեկնաբանություն. «Այո, միշտ պետք է ավելի շատ կարևորել օրենքի ոգին, քան տառը: Եթե նույնիսկ համարենք, որ այս դիտարկումը տեղին ու հիմնավոր է, պետք է այնուամենայնիվ ընդունենք, որ հասարակության մոտ կա անվստահություն ՍԴ-ի նկատմամբ և դա նոր չէ, հեղափոխությունից հետո չէ, դա եղել է տասնամյակներ շարունակ: Մարդիկ հարցեր են բարձրացնում նաև Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված, նաև նրա հետ կապված, որ ընդունել ենք այդ Սահմանադրությամբ նորմեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեն, օրինակ, 2035-ին, 2037-ին, երբ կլինի ՍԴ անդամների ընտրություն: Այստեղ էլ ողջախոհության հարց է ծագում, թե այդ ինչպես եղավ, որ Սահմանադրություն ենք ընդունում, իսկ որոշ նորմեր այսքան տարի հետո է ուժի մեջ մտնում:

Մի կողմից կա տառացի մեկնաբանություն, որը խոցելի է դարձնում այդ ամբողջը, մյուս կողմից եթե ընդունենք, որ սա տառացի է, նաեւ բովանդակային հարցեր կան ուղղված ՍԴ-ին: Սրանք լուրջ հարցեր են. այն մարմինը, որը կոչված է բոլոր ինստիտուտների միջեւ վեճեր լուծելու, տա վերջնական վճիռներ, այդ մարմնի նկատմամբ վստահություն չկա: Մենք պետք է այս խնդրի հանգուցալուծմամբ զբաղվենք»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Նա հավելեց, որ Վահե Գրիգորյանն իր նամակում ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ է մատնանշել. «Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանը երեք լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի արձանագրումից որպես նորմալ, մինչեւ փոփոխությունների այս կամ այն չափ: Ես չեմ ասելու ինչ է լինելու անդամը, ինչ է լինելու դատավորը: Ես կարող եմ ասել, որ կա անորոշություն: Սա այն կետն է, որ բոլորը համամիտ են: Մենք անհրաժեշտություն ունենք դատարանի կազմությանը մասնակից մարմինների (դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ) շրջանում լայն քննարկում ծավալել, որ հասկանանք, թե ինչպես է երկիրը սրանից դուրս գալու: Փաստ է, որ ՍԴ-ի հանդեպ չկա վստահություն, այդ մարմինը տարներ շարունակ եղել է խնդիրները պարտակող, լղոզող մարմին: Սա ճգնաժամ է, անկախ նրանից, թե օրվա իշխանությունների քիմքին ով է հաճելի»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հիմք ընդունելով Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ՍԴ-ում կա ընդամենը 2 դատավոր, կառավարությունն իր կողմից թեկնածուներ առաջադրի, ասաց, որ այնքան էլ ողջունելի տարբերակ չի, որ առանց փոխհամաձայնության գալու կառավարությունը ՍԴ դատավորի երեք թեկնածուի առաջադրի:

Արարատ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով լավագույն լուծումն այն է, որ դատարանի ձեւավորմանը մասնակցություն ունեցող 4 մարմինները (կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ եւ դատավորների ընդհանուր ժողով) քննարկումներ անցկացնեն, լուծումներ գտնեն:

«Ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով ճգնաժամի հաղթահարման մասին»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա կտրականապես չհամաձայնեց քաղաքական որոշ ուժերի դիրքորոշմանը, թե գործող իշխանությունը խնդիր է դրել զավթել ՍԴ-ում իշխանությունը. «138 տոկոսով համաձայն չեմ ձեր ձեւակերպումների հետ: Ես կարծում եմ, որ ճգնաժամն առկա է անկախ նրանից Վահե Գրիգորյանի նամակը կլիներ, թե ոչ: Ի վերջո տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր ժամանակներում տարբեր հարցեր են բարձրացնում, որոնք գրավում են հանրության ուշադրությունը, ֆիքսում են մինչ այդ եղած, բայց չնկատված խնդիրներ»:

Հարցին, թե արդյոք խնդիր է դրված, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հեռանա, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն չի կարող, որովհետեւ որեւէ մեկը՝ լինի ԱԺ-ն, նախագահը, վարչապետը, թե կառավարությունը, այդպիսի լիազորությունով օժտված չէ»:

ԱԺ նախագահը նաեւ նկատեց, որ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ճգնաժամը, ըստ ամենայնի, չի հանգուցալուծվի, որովհետեւ ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձով չի պայմանավորված, այլ ՍԴ-ի նկատմամբ հանրային անվստահությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: