Արսեն Ղազարյան. «Հաղթանակս թիմային աշխատանքի արդյունք է»
74 կգ քաշային Արսեն Ղազարյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց ուժեղ մրցակիցների հետ պայքարում և Հունաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգիոս Մարգարյանին հաղթելով խոշոր՝ 10:2 հաշվով՝ արժանանացավ բրոնզե պարգևի:
Անկախի հետ զրույցում Արսենը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ մեկնել էր Մինսկ՝ մարտական տրամադրված ու ոսկու հետևից:
-Շնորհավորում ենք տարվա կարևորագույն ստուգատեսում հաջող հանդես գալու և բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Շատ լավ նախապատրաստական շրջան էինք անցել՝ 3 ուսումնամարզական հավաքի մասնակցելով: Մարտական տրամադրված մեկնեցի Մինսկ: Ունեի մեկ նպատակ՝ նվաճել ոսկե մեդալ: Ուժեղ մարզիկների հետ պայքարում այս անգամ բրոնզե մեդալի արժանացա:
-Դիտարժան գոտեմարտեր անցկացրիք: Բրոնզե մեդալի համար պայքարում խոշորահաշիվ հաղթանակ տոնելով: Որևէ գետեմարտ կառանձնացնե՞ք:
-Հաղթանակին տանող բոլոր գոտեմարտերն էլ կարևոր էին: Վիճակահանության արդյունքում հենց առաջին մրցակիցս Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբկինն էր, որը նաև գործող աշխարհի չեմպիոնն է : Գոտեմարտը բավական բարդ ընթացավ, քանի որ ողջ ընթացքում պարտվողի կարգավիճակում էի և ընդամենը 1
միավորի տարբերությամբ զիջեցի: Ռուսաստանի ներկայացուցիչը դուրս եկավ եզրափակիչ, ուստի ես մասնակցեցի սփոփիչ գոտեմարտին: Ադրբեջանցի մարզիկի՝ Աբդուլա Աբդուլաևի նկատմամբ իմ փորձի հաշվին առավելության հասա՝ 5:0: Բրոնզե մեդալի համար պայքարեցի ազգությամբ հայ, բայց Հունաստանը ներկայացնող մարզիկի՝ Գեորգիոս Մարգարյանի հետ, որին աշխարհի առաջնության ժամանակ մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով պարտվել էի, և այդ պարտությունն ինձ համար ամընդունելի էր: Գոտեմարտի սկզբում հավասար պայքար էր ընթանում, բայց կարողացա հավաքվել, անել այն, ինչն ինձ մոտ լավ է ստացվում և հաղթել 10:2 հաշվով:
-Ի՞նչ է տալիս հաղթանակը: Ի՞նչ է հարկավոր հաջողության հասնելու համար:
-Հաղթանակն առաջին հերթին քրտնաջան աշխատանքի գնահատականն ու արդյունքն է: Այն լրացուցիչ վստահություն է հաղորդում մյուս ստուգատեսերում կրկին հաջող ներկայանալու համար, մոտիվացնում և պարտավորեցնում է միշտ լինել վերելքում: Սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է համառ լինել, չընկճվել հանգամանքներից, միշտ շարժվել առաջ ու ամեն գնով գնալ նպատակի հետևից:
-Մարզիկների հաղթանակները մեծ ուրախություն են պարգևում երկրպագուներին. օդանավակայանում Ձեզ հանդիսավոր դիմավորեցին: Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային հարթակում:
-Երբ հաղթանակած կանգնում եմ պատվո հարթակին, մեծ ոգևորություն եմ ապրում ու անասելի հպարտություն զգում, որ միջազգային հարթակում կարողացել եմ ծածանել հայոց եռագույնն ու իմ հաղթանակով ուրախություն պարգևել շատ-շատերին: Մարդկանց մի փոքր ուրախություն պարգևելուց կարևոր բան չկա ինձ համար:
Անպայման ցանկանում են նշել, որ այս հաղթանակը միայն իմ վաստակը չէ, սա թիմային աշխատանքի արդյունք է, ես աշխատել և աշխատում եմ մարզչական փորձառու թիմի հետ, որոնք ինձ օգնել են լավ մարզավիճակ ձեռք բերել, հաղթական գոտեմարտեր անցկացնել և մեդալ նվաճել: Ուրախ եմ և հպարտ, որ մեր թիմը հաջող հանդես եկավ Եվրոպական խաղերում, մեդալներ նվաճեց: Շնորհակալ եմ բոլորին, որոնք մեզ աջակցեցին ու մեր հաղթանակներով ուրախացան: