Վարչապետին ասեք ասացվածքը թանգարան չուղարկի, քանի որ Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախումբն այսօր իրեն անտեր է զգում. Հեքեքյան
Հեքեքյանը նշում է, որ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը արդեն մի քանի ամիս է չունի փորձ անելու համար փորձասենյակ:
«Արդեն 1 տարի է անցել, որ խարխլվեց Արամի 23 շենքի հիմքերը և ուղիղ 6 ամիս առաջ փլուզվեց շենքի մի հատվածը՝ տանիքը և պատը: Առ այսօր որևէ բան չի արվել իրավիճակը շտկելու համար: Այսօր մենք ունենք 2 խնդիր. Առաջինը՝ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի անորոշ վիճակն է, չնայած կառավարությունում քննարկվել է այն հարցը, որ երգչախմբին պետք է տրամադրեն համապատասխան տարածք: Այդ տարածքը մենք պետք է վարձակալեինք, AMC-ի ընկերությունը պետք է փոխհատուցեր վարձավճարը այնքան ժամանակ, քանի դեռ Արամի 23 շենքը չէր վերանորոգվել և կրկին չէր տրամադրվել մեզ: Սակայն այդ կազմակերպությունը մինչ այսօր չի ցանկանում մեզ հետ պայմանագիր կնքել այն կետով, որ իրենք պետք է տրամադրեն վարձավճարը:
Երկրորդ խնդիրը՝ Արամի 23 շենքն է և հարակից տարածքը: Միայն չպետք է երգչախմբի շենքի մասին խոսել, քանի որ կողքի բարձրահարկ շենքներն էլ են վտանգված, այնտեղ բնակվող մարդկանց ու Արամ-Բյուզանդ փողոցներով անցնող մարդկանց համար էլ մեծ վտանգ կա»,-ասում է Տիգրան Հեքեքյանը:
Ըստ նրա՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անընդհատ ապատեղեկատվություն է տարածում՝ կապված շենքի հետ:
«Գլխավոր ճարտարապետը ամիսներ առաջ ասում էր, որ կա նախագիծ, որով շենքը պետք է կառուցվի, բայց այդ նախագիծը ոչ մի տեղ չգտան: Մայիսին ասում էր, որ իրենք հրավիրել են իտալացիներին, նրանց նախագիծ են տվել, որով շատ կարճ ժամանակահատվածում պետք է վերականգնեն շենքը: Անցել է 2-3 ամիս, ոչ մի բան չի արվել այդ հայտարարությունից հետո»:
Տեխնիկական ինժեներ Մայքլ Սահակյանը, որ Հայաստան է եկել ԱՄՆ-ից, նշում է, որ Արամի 23 շենքը կառուցելը անհնար չէ, սակայն դրա համար պատկան մարմինների աջակցությունն ու ցանկությունն է պետք:
«Զարմանալի է, որ մենք նամակներ ենք ուղարկում, պատկան մարմինները մեր նամակներին պատասխանում են, որ այո, շենքը շատ վատ վիճակում է գտնվում, անհապաղ աշխատանքներ պետք է կատարվեն, սակայն ոչ մի բան չեն անում: Եթե իրենք են ասում, որ այսչափ վտանգավոր է, ապա ինչի՞ մասին են մտածում, ինչու՞ են քնած»,-ասում է Մայքլ Սահակյանը:
Հեքեքյանը նշում է, որ այս պահին կառավարության որոշմամբ Արամի 23 շենքը գերակա շահ է ճանաչվել ու այդ որոշումից հետո իրենց առաջարկել են այդ շենքի փոխարեն քաղաքի այլ հատվածում տրամադրել մեկ այլ շենք, սակայն գլխավոր դիրիժորն իր պատճառներն ունի շենքից չհրաժարվելու:
«Գերակա շահ ճանաչել նշանակում է, որ տարածքը մեզնից կվերցնեն ու այդ վայրում այլ բան կկառուցեն: Ոչ միայն այդ հուշարձանը, այլև մնացած շենքերն էլ կքանդվեն, այս պահին մեր պայքարի արդյունքում է , որ չի քանդվում շենքը»:
Նույն հասցեում բնակվող բնակիչներչն էլ են նույն խնդրի առաջ կանգանծ: Մադլենա Սարոյանը, որ Արամի 23 շենքի բնակիչ է արդեն մի քանի ամիս է զրկվել է սեփական բնակարնից:
«Հունվարի 11-ին փլուզվեց իմ տան պատը: Ես իմ սեփական գումարով վարձել եմ բնակարան մինչև շենքը կկառուցվի ու ես հետ կվերադառնամ իմ տուն: Ինձ առաջարկել են 70 հազար դոլար գումար, որ ես քաղաքի այլ հատվածում տուն ձեռք բերեմ, սակայն ես չեմ համաձայնել, քանի որ իմ բնակարանն եմ պահանջում Արամի 23 հասցեում»,-ասում է Մադլենա Սարոյանը:
«Մեր բողոքները կարծես դառնում են Ձայն բարաբառո անապատի, քանի որ մեզ ոչ ոք չի լսում։ Փոխանակ մենք զբաղվենք մեր գործով, մենք ամեն օր մտածում ենք՝ վաղը լինելու ենք, թե չէ»,-ասում է Հեքեքյանն ու հույս հայտնում, որ մի օր խնդիրը լուծում կստանա: