Վերաքննիչ դատարանի գործողությունները հաստատում են մեր մտահոգությունը, որ պարոն Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է. Քոչարյանի պաշտպան
Չնայած Վերաքննիչը որոշում է կայացրել գործն ուղարկել հետ՝ Առաջին ատյանի դատարան նոր քննության, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ մինչ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը նյութերը չի վերադարձրել Առաջին ատյանի դատարան, որպեսզի գործի քննությունը շարունակվի:
«Փաստորեն գործը այս պահին առանց իրավական հիմքի սառեցված է, անհարկի ձգձգվում է: Ես հույս ունեմ, որ բոլոր այն քաղաքական գործիչները, որ մեզ մեղադրում էին գործը ձգձգելու մեջ հիմա ճիշտ գնահատական կտան այս գործընթացին: Այս պահին գործը Առաջին ատյանի դատարանում չի քննվում»,-ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Ըստ փաստաբանների՝ գործն այնքան է ձգձգվում, որ իրենք են պատրաստակամություն հայտնել գործին առնչվող նյութերը տրամադրել Առաջին ատյանի դատարանին:
«Եթե Վերաքաննիչ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նյութերն իրեն անհրաժեշտ են, կարող է այդ նյութերը պատճենահանել և գործի բնօրինակ նյութերը վերադարձնել հետ Առաջին ատյանի դատարանին: Այս պահին Առաջին ատյանի դատարանի դատավորը կաշկանդված է՝ դատավարական ժամկետների առումով: Մեզ մոտ էլ կան այդ նյութերը, և ստեղծված խոչընդոտների պարագայում մենք էլ ենք պատրաստակամություն հայտնել տրամադրել դրանք»:
Ըստ Արամ Օրբելյանի Վերաքննիչ քրեական դատարանի գործողություններն իրենց տալիս են բոլոր հիմքերը Վճռաբեկ դատարան դիմելու և նախկինում բարձրաձայնած մտահոգությունները հաստատելու համար: Քոչարյանի պաշտպանները նշում են, որ չեն կարողանում որևէ դեպք հիշել, երբ դատավարության ընթացքում կողմերը զրկվել են տեսակետ կամ կարծիք հայտնելու իրավունքից:
«Գուցե եղել են նման դեպքեր, բայց այս պահին մենք չենք կարողանում որևէ դեպք հիշել, երբ դատավարության կողմը զրկվել է ընդհանրապես դիրքորոշում հայտնելու իրավունքից: Հաշվի առնելով, որ այս որոշումները ուղակիորեն հակասում են նախկինում առկա դատավարական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ-ի բանաձևով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը, այսինքն ակնհայտորեն տեսնում ենք, որ այդտեղ ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտահոգությունները»:
Ըստ Օրբելյանի Վերաքննիչ քրեական դատարանի գործողությունները ոչ միչայն իրենց, այլև անգամ դատախազների կողմից են ոչ ստանդարտ գնահատվել:
Հիշեցնեք, որ երեկ դատական տեղեկատվական համակարգում հրապարկվել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները, որոնցով բեկանվեց Առաջին ատյանի դատարանի որոշումները, Քոչարյանը կրկին կալանավորվեց, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից գործի կասեցումը և գործը Սահմանադրական դատարան ուղարկելը ևս բեկանվեց: