Ուժեղ, ժողովրդավար Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ օրենքի գերակայության պայմաններում.Հրայր Թովմասյան
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:
Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ:
Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը: Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար եւ զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների եւ Սահմանադրության գերակայության պայմաններում:
Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով եւ միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման եւ փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:
Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, եւ այսօր` Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ Սահմանադրության»։