Հայերեն   English   Русский  

Ես փառասեր չեմ, 10 հոգի էլ ինձ հասկանա բավական է. Վալյա Մարգարյան


  
դիտումներ: 6813

1988 թվական, երկրաշարժ, Արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, փախստականների ներգաղթ, հարյուրավոր անտուններ ու սոցիալական վատ պայմաններ:

Նման իրավիճակում մարդկանց միայն մնում էր իրենց մասին մտածելուց զատ օգնել նաև կողքին կանգնած կարիքավորներին: Հենց այս օրերին էր, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրները համախմբվեցին մարդկանց կամավոր օգնելու գաղափարի շուրջ:

Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը կարողացել է Հայաստանի սոցիալական աջակցության բնագավառում իր բացառիկ տեղն ունենալ: Այսօր Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 22 քաղաքներում իր կողմից հիմնած շուրջ հինգ տասնյակ ենթակառույցների միջոցով կազմակերպությունը բազմաբնույթ ծառայություններ է մատուցում շուրջ 8.000 շահառուների: Այդ շահառուների թվում քիչ չեն տարեց մարդիկ:

Նրանց անցյալին ու ներկային դեռ տարիներ առաջ անդրադարձել է արձակագիր Մարգո Ղուկասյանը՝ իր «Վկայություն 20-րդ դարի» գրքում: Իսկ արդեն 21-րդ դարի վկայությունը գրելն ու տարեցների հետաքրքրիր կյանքին շատերին ծանոթացնելն էլ իր վրա է վերցրել գրող-հրապարակախոս Վալյա Մարգարյանը:

Ամեն տարեցի մեջ յուրահատկություն ու արտասովոր հետաքրքրություն փնտրելով՝ նա մեկ առ մեկ հանդիպել է յուրաքանչյուրի հետ, ու ամեն մեկի պատմությունը լսելով՝ ստեղծել «Վկայություն 21-րդ դարի» գիրքը, որ, ըստ հեղինակի, նպատակ ունի գրքի հերոսներին իրենց լավատեսությամբ ու կյանքի փորձով կենդանի վկաներ դարձնել երիտասարադ սերնդի համար:

Այսօր մեր պատմության հերոսն էլ հենց տարեցներին հիշողն ու նրանց անմահ դարձնողն է՝ Վալյա Մարգարյանը:

«Արմատներով պատմական Հայաստանի Արծափ գյուղից եմ: Նախնիներս 1830 թվականին հենց այս բնակավայրից են եկել Սևանա լճի ափ ու հիմնել Չիբուխլու գյուղը՝ այժմ Ծովագյուղ, որտեղ էլ 1946 թվականին ծնվել եմ ես: Ստացվում է, որ ես այսօր Արծափից տեղահանվածների 5-րդ սերունդն եմ»,-ասում է նա՝ սկսելով իր կյանքի պատմությունը նկարագրել ու մանրամասնորեն պատմում է իր նախապապերի մասին: Այնպիսի տպավորություն է, որ կողք կողքի քայլել է նրանց հետ, գիտի յուրաքանչյուրի սովորությունների մասին։

Հետո հպարտությամբ նշում է, որ իր ծննդավայրին՝ Չիբուխլուին անդրադարձել է հայ մեծ գրող Մուրացանն՝ իր Առաքյալը պատմվածքում, ու դրանով գյուղը մտել է հայ գյուղագրության պատմության մեջ:

«Իր ստեղծագործության մեջ Մուրացանը գրել է գյուղացի Մոսիի մասին, որ Չիբուխլուից էր,ու պատմվածքի հերոս Կամսարյանն իջևանում է հենց նրա տանը։ Այս մարդն իմ Մարգար պապի եղբայրն է եղել։Ստացվում է, որ ես այսօր Մուրացանի հերոսի՝ Մոսիի ժառանգն եմ։ Միշտ եմ հպարտացել իմ գյուղով ու երբեք չեմ ափսոսել, որ ես ոչ թե ծնվել եմ Լոնդոնում, այլ Ծովագյուղում։ Ամեն մարդ պետք է պաշտի այն հողը, որի վրա ծնվում է»։

Վալյան փաստում է, որ չնայած Կամսարյանի տեսած գյուղը ամենահետամնացներից էր, ամենուր աղբ էր ու գարշահոտություն, բայց այսօր Չիբուխլուն՝ Ծովագյուղը դարձել է Հայաստանի առաջատար գյուղերից մեկը թե իր մաքրությամբ, թե իր զարգացվածությամբ։

Շրջանցելով զրուցակցիս ծննդավայրի պատմությունը՝ հետաքրքրվում եմ, թե ինչու հայ ավանդական գյուղական ընտանիքում աղջկան տվել են ոչ հայեցի անուն՝ Վալյա: Պարզվում է այս հանգամանքը զրուցակցիս էլ միշտ զարմացրել ու զայրացրել է:

«Մեր գյուղում այդքան շատ հայկական անուներ են եղել, բայց դրանցից ոչ մեկն ինձ չի շնորհվել»,-ասում է նա,-«Թարգմանաբար անունս նշանակում է կամք կամ ազատություն, բայց միևնույն է միշտ մտածել եմ այն փոխելու մասին»:

4-րդ դասարանը գյուղի դպրոցում ավարտելուց հետո Վալյան իր ընտանիքի հետ տեղափոխվում է Դիլիջան։ Այստեղ դպրոցում աղջնակը սկսում է աչքի ընկնել գրականությունից ու հայոց լեզվից ունեցած իր գիտելիքներով։

«7-րդ դասարանում արդեն թղթակցում էի քաղաքային թերթին։ 11-րդ դասարանում էինք սովորում, երբ կազմակերպեցինք Պարույր Սևակի «Մարդն ափի մեջ» գրքի քննարկումը: Ներկա էր նաև Սևակը, ու երբ ես քննարկման ժամանակ արտասեցի նրա բանաստեղծությունները Սևակը մի քանի անգամ ճակատս համբուրեց»:

«Հպարտանալու մեծ բան ունեք»,-ասում եմ ես:

«Այո ես հպարտանում եմ, չեմ թաքցնում, ու կարծում եմ իմ հպարտությունը հասկացողներ կլինեն»:

Զրուցակիցս նշում է, որ չնայած հայրը չի սովորել, սակայն գիր ու գրականություն շատ է սիրել:

«Իմ գրականության հանդեպ սերը հենց հորիցս եմ ժառանգել: Նա անգրագետ մարդ էր, բայց սիրում էր գրականություն, ու ես նրա համար բարձրաձայն կարդում էի թե հայ, թե արտասահմանյան գրականություն»:

Սակայն այս հանգամանքը չի օգնել, որ հայրը թույլ տա դուստը կրթությունը դպրոցից հետո շարունակի համալսարանում:

«Այդքան սիրում էի գրականություն, բայց հայրս չթողեց, որ Երևան գնամ ու սովորեմ: Ասաց՝ ես ըստե նստուկ, իմ աղջիկը էթա Էրևանի քուչեքը սոված ուսում ստանա, պետք չէ էդ ուսումը: Ու ես չգնացի: Բայց մի քանի տարի հետո հայրս հանկարծակի հիվանդացավ ու մահվան ժամանակ եղբորս պատվիրեց, որ ինձ անպայման ուղարկի սովորելու: «Ես սխալ արեցի՝ քրոջդ չթողեցի սովորի, դու էդ սխալը չանես»,- ասել էր հայրս եղբորս:

Հոր մահից 5 տարի հետո միայն կարողանում է ընդունվել համալսարան՝ Բանասիրական ֆակուլտետ ու ուղի բացել երազանքի համար: Սակայն ուրախությանն այստեղ կրկին հաջորդում է տխրությունը:

«3-րդ կուրսում էի սովորում՝ մայրս մահացավ: Ինձ համար բոլոր կամուրջները ժամանակից շուտ էին այրվում: Մորս մահով կյանքին կապող միակ օղակը կտրվեց: Ինձ մնում էր պայքարել ու ապրել»:

Վալյա Մարգարյան

«Մնացի՞ք Երևանում»:

«Այո´, դա կյանքիս ամենաճիշտ որոշումներից էր: Եղբայրներս ինձ կանչում էին իրենց մոտ, բայց ես հրաժարվեցի հետ գնալ ու սկսեցի աշխատել ու ապրել Երևանում»:

Որտեղ էլ սկսել է աշխատել կարճ ժամանակահատվածում հաջողությունների է հասել: Բայց անժամանակ վրա հասած հիվանդությունը կտրել է Վալյային սիրելի աշխատանքից ու ստիպել մեկնել Մոսկվա բուժվելու: Բուժումն ավարտելուց և հայրենիք վերադառնալուց հետո կյանքում ամեն բան խառնվել է իրար: Գործազրկությունն ու սոցիալական վատ վիճակը տարիներ շարունակ հետևել են նրան ու հասցրել կյանքի եզրագծին:

Երկար տարիների դժվարություններին եկել է փոխարինելու մի կազմակերպություն, առանց որի Վալյա Մարգարյանն այսօր իր կյանքը չի պատկերացնում:

«Արդեն 15 տարի է ես ապրում եմ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունով: Այդ կազմակերպության անդամները կարողացան ինձ հանել այն ճահճից, որի մեջ էի տարիներ շարունակ: Ցույց չտվեցին, որ ինձ օգնում են, այնքան վարպետորեն ինձ կարողացան ներգրավել իրենց շարքերը»:

Կյանքի վերադառնալուց հետո սկսում է կրկին աշխատել սիրելի մասնագիտությամբ: Մի շարք գրքեր է հեղինակել՝ այդ թվում ինքնակենսագրական՝ «Ճաք է տվել լռությունս» ու կազմակերպության շահառուներին նվիրված «Վկայություն 21-րդ դարի» գրքերը:

Կազմակերպության բարությունն այսօր Վալյան կրկնակի հետ է վերադարձնում: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն ունի գրական խմբակ, որի աշխատանքներով զբաղվում է հենց նա ու օգնում, որ կազմակերպության շահառուները ծանոթանան գրականությանը, արժևորեն մեր մեծերին:

«Ասում են՝ դու մեր խմբակի ղեկավարն ես: Ես անընդհատ նշում եմ, որ իրենցից մեկն եմ, պարզապես փորձում եմ իմ իմացածը իրենց փոխանցել»:

Ամեն մի խոսքի ու գործի մեջ է նման համեստություն դնում ու կարևորում ոչ թե իր անձը, այլ արված գործն ու մարդկանց տված օգուտը:

«Ես փառասեր չեմ, ոչինչ որ արածս գործերից հետո հաճախ անունս չի շեշտվում: Իմ ինչի՞ն են պետք տիտղոսները: Ինձ պետք է, որ իմ արածը հասկանան, 10 հոգի էլ ինձ հասկանա բավական է»:

Այժմ Վալյա Մարգարյանն ապրում է հարազատների համար՝ նրանց անսահման սեր ու ջերմություն տալով, ապրում է մարդկանց օգնելու մեծ պատրաստակամությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: