Խմբակցության ներսում ոչ մի խնդիր չկա Տիգրան Ուրիխանյանի հետ կապված. Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին
«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր որոշումն ասել է, այսօր կա Սահմանադրություն, կա կարգ, ըստ Սահմանադրության, ըստ օրենքի պետք է լինի ամեն ինչ»։
Լրագրողների այն հարցին՝ երկրում սահմանադրական ճգնաժամ ինքը չի՞ նկատում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չենք նկատում, ոչ մի բան էլ չկա, մարդիկ չպետք է քնեն, հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն ասի, մի հատ միտք ասի ու ամբողջ բանն էդ ուղղությամբ գնա, ես նորից եմ ասում՝ ըստ կարգի, ըստ օրենքի: Վահե Գրիգորյանի նամակի քննարկումների մասին մեզ չեն ասել, մենք դեռ չենք քննարկել»։
Խոսելով ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու ցանկության ու նրա ԱԺ նիստերին չներկայանալու մասին Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դրանում ինքը ոչ մի արտառոց բան չի տեսնում:
«Երևի այստեղ չէ, ինքը գործուղման է։ Ոչ մի խնդիր չկա, ինքը դրա բացատրությունը տվել ա, կգա, անձամբ իրենից կլսեք, թիմում, խմբակցությունում ոչ մի խնդիր չկա»,–նշեց Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների կողմից օրեր առաջ տարածած հայտարարությանը, որով կազմակերպությունները պահանջել էին իրենից ներողություն խնդրել լրագրողներից անբարեկիրթ վերաբերմունքի և վիրավորելու համար, ասաց. «Իրենք թող նախ պահանջեն իրենց լրագրողներից իրենց պահվածքը Ծառուկյանի հանդեպ, կարող եք բոլոր տեսաժապավենները նայեք, Ծառուկյանը երբեք, բացի ջերմ, քաղցր վերաբերմունքը, բայց եթե լրագրողները թույլ են տալիս այնպիսի բաներ, որ դա սազական չի, Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»։
ԲՀԿ առաջնորդը դժգոհեց լրագրողների հարցերից. «Հարցեր կան, որ էսօր հանրություն էլ, ժողովուրդն էլ դա զգում ա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանեք։ Ես ձեր սաղի ցավը տանեմ, եթե դուք ինձ հարց տաք լիարժեք, հարցին ես ձեզ պատասխանեմ, դուք գիտեք, որ մարդ ա, կարող ա հունից հելնի, բայց ճարահատված հունից էլ դուրս չեմ գալիս, ես հետո նայում եմ, թե ոնց եմ կարողանում ինձ զսպել։ Եթե դուք կուլտուրական, տեղը տեղին, էսօրվա իրականությունից, իրադրությունից հարցեր տաք, ես շատ սիրով, տեղը տեղին կպատասխանեմ»։