Հուլիսի 13-ից հակառակորդը կրակում է Ելփին գյուղի ուղղությամբ. համայնքապետը դիմել է Կարմիր խաչին
Քիչ առաջ Ankakh.com-ի հետ հեռախոսազրույցում համայնքապետ Խորեն Ավետիսյանը հաստատեց մեր տեղեկությունները:
«Նախիջևանի կողմից սկսել են կրակել հուլիսի 13-ից: Այսօր կրակոցներ դեռ չկան, հիմնականում գիշերն են կրակում: Առաջին օրը կրակել են գյուղի մոտակայքը, հաջորդ օրերին սկսել են կրակել գյուղի վերևի՝ տների ուղղությամբ, որտեղ բնակչություն կա: Կրակոցների հետևանքով բնակիչներից մեկի տան կտուրն է ծակվել, փամփուշտներ են ընկել նաև գյուղացիներից մեկի բակում»,-ասաց համայնքապետը:
Կրակոցների հետ կապված համայնքապետը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին:
«Կարմիր խաչին ես դիմել եմ դեռ ամսի 13-ին, ներկայացրել եմ իրավիճակը, այսօր կրկին զանգել ու տեղեկացրել ենք, որ արդեն սկսել են կրակել տների ուղղությամբ, բայց դեռ չեն եկել տեղում իրավիճակին ծանոթանալու»:
Փորձեցինք կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, սակայն իրավասու անձանցից տեղեկություն ստանալ այդպես էլ չկարողացանք:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ գյուղի ուղղությամբ մի քանի կրակոց է եղել: Ըստ նրա՝ այդ հատվածում կրակոցներ քիչ են լինում և դրա համար է, որ բնակչությունը անհանգստացել է. «Ոչ, լուրջ բան չկա»,-ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 13-ին կրակոցներից Նախիջևանի սահմանին հրդեհ էր բռնկվել, որը կարողացել էին մարել մինչև կհասներ ցորենի դաշտերին: