«Ժողովուրդ». Երևանի շինհրապարակի փոշին ավելի վտանգավոր է, քան Ամուլսարի հնարավոր փոշին. Ա. Թորոսյանը քաղաքացիների առողջությամբ անհանգստանում է, երբ դրամաշնորհների հեռանկար կա
Լրագրողների հարցին, թե մասնագետներն ահազանգում են, որ Ջերմուկում, օրինակ, ռադիոակտիվության մակարդակի աճ կա, նախարարն անվրդով ժպիտով պատասխանել է- «Անհանգստանալու առիթ չկա: Չափում չենք արել, քանի որ հանքը չի շահագործվում: Քաջարանում գուցե ավելի խնդիր լինի: Ես այս պահին չեմ տեսնում մոտիվ, պատրվակ՝ չափումներ անելու»: Այսինքն՝ այսքան անհանգստությունները, բարձրաձայնումները մոտիվ չեն նախարարի համար գոնե պաշտոնապես կասկածները փարատելու համար:
Ավելին՝ մեր երկրի ժողովրդի առողջության թիվ մեկ երաշխավորը հայտարարում է. «Երևանի շինհրապարակի փոշին ավելի վտանգավոր է, քան էդ հանքի հնարավոր փոշին, քանի որ բնակավայրից շատ հեռու է»: Ու այստեղ հարց է առաջանում, ի՞նչ է արել նախարար Թորոսյանը երևանցիների առողջությունը պաշտպանելու համար, թե՞ թեման «թոփ չէ», հետևաբար նաև մտածելու բան չկա: Փոշի է, կուլ կտանք, կանցնի, ինչպես եղավ «Վեգայի» հրդեհի ժամանակ, որ նախարարությունը ձկան նման լռեց ու բնակիչներին չասաց՝ ինչպես պաշտպանվեն, երբ այրվում էր այդքան ծավալով ռադիոտեխնիկա:
Մյուս ցնցող միտքը նախարարի տված պատասխանն էր ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքերին: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ասել էր. «Որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ պատասխան ենք տալու մենք 30 տարի հետո, եթե Ջերմուկում առանց թևի երեխա ծնվի»: «Սա չափազանցված հայտարարություն է: Դա շատ անպատասխանատու հայտարարություն է»,- առանց երկմտելու նետել է նախարարը:
Հետաքրքիր է՝ ինչ վստահություն ունի նա, եթե մինչ օրս որևէ չափում չի արել, մասնագիտական եզրակացություն չունի, ինչպես կարող է 30 տարի հետոյի մասին այդքան վստահ պնդում անել: Հիմա ո՞ր հայտարարությունն է ավելի անպատասխանատու:
Այսպիսով պետք է փաստենք, որ նախարարն անհանգստանում է ՀՀ քաղաքացիների առողջությամբ միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին, քանի որ այդ դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպության դրամաշնորհների հեռանկար կա: Մնացած դեպքերում վտանգ չկա: Եվ եթե պատկերավոր ասենք, ապա ստացվում է, որ մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ հանքում ծխելը մահացու վտանգներով է հղի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: