ՍԴ որոշումից դժգոհ քաղաքացիները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն
Սակայն դատարանից ոչ ոք դուրս չեկավ և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հանդես եկող քաղաքացիները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։
«Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ–ն արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Փոխարենը դատարանը սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը։