Տիգրան Ձիթողցյան․ ժամանակի հայելին՝ աշխարհի կենտրոնում
«3 հայելի»․ այս խորագրով 3 դիմանկարային կտավների ցուցադրությամբ վերջերս Երևանում, «Նուռ» ցուցասրահում հանդես եկավ ամերիկաբնակ հայտնի նկարիչ, ամերիկյան ժամանակակից արվեստում իր հստակ ձեռագիրն ամրագրած արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը։
Նրա արվեստում հայելին առանձնահատուկ դեր ունի։ Այն մտնում է «սելֆի» ֆենոմենի մեջ։
«Երբ սելֆի-ֆենոմենը սկսվեց, ես չէի կարող չանդրադառնալ դրան, քանի որ պորտրետային արվեստով էի հետաքրքրված։ Մենք մտել ենք մի ֆիլտրային դարաշրջան, երբ մարդիկ, հատկապես կանայք, սկսել են շատ ուժեղ վերահսկել իրենց պատկերը։ Դա մեր սոցիումի մեջ այնքան է արմատացել, որ նույնիսկ հեռախոսներն այսօր մինչև լուսանկարելը մարդու դեմքին որոշակի շտկումներ են անում։ Փաստորեն, մարդիկ այսօր իրենց ներկայացնում են մի ուրիշ պատկերով, ինչը հետաքրքիր երևույթ է, և ես՝ իբրև արվեստագետ, չէի կարող չանդրադառնալ այդ թեմային»,-ասում է նկարիչը։
Ձիթողցյանի աշխատանքներն առաջին հայացքից լուսանկար են հիշեցնում, բայց դրանք յուղաներկով նկարված կտավներ են՝ ֆոտոճշգրտությամբ արտացոլված։
«Ֆոտոխցիկն այստեղ գործիքներից մեկն է։ Ամեն ինչ սկսվում է ֆոտոյից։ Կարծում եմ՝ նկարչությունն այսօր առանց ֆոտոյի չի կարող գոյատևել։ Դա նկարչության կարևոր էտապներից ու գործիքներից մեկն է»։
***
Տիգրան Ձիթողցյանն առաջին անգամ անհատական ցուցահանդեսով հանդես է եկել, երբ ընդամենը 10 տարեկան էրո։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, որի հոտառությունն արվեստի տաղանդներին որսալու առումով բացառիկ էր, նկատել էր Տիգրանին, և հենց նրա հորդորով էլ կայացել էր տաղանդավոր պատանու անդրանիկ ցուցահանդեսը, որը բացառիկ էր ու տպավորիչ։ Այնուհետև նրա աշխատանքները ցուցադրվել էին Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և ԱՄՆ–ում։
1999 թվականին Գեղարվեստի ակադեմիայի վերջին կուրսում ընդհատելով ուսումը՝ Տիգրանը Շվեյցարական «Ecole Cantonale d’Art du Valais» արվեստի դպրոցի հրավերով տեղափոխվել է Շվեյցարիա և ուսումը շարունակել այնտեղ։
«Իմ ուսումը հարթ չէր ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Շվեյցարիայում։ Հայաստանում բարդ էր, քանի որ ես ընդունված ստանդարտներին չէի հարմարվում, ես շատ ավելի առաջ էի մտածում, բայցհեշտ չէր նաև Շվեյցարիայում, որովհետև այնտեղ ինձ ընկալում էին որպես հին մտածող դպրոցի ներկայացուցիչ։ Մի խոսքով՝ իմ ամբողջ ուսումը պայքար էր»։
***
Շվեյցարիայում իբրև արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը շատ պատահաբար է «բացահայտվում»։ Օրերից մի օր նրա արվեստանոց է գալիս մի կին, որը տեսնելով նկարչի աշխատանքները՝ ապշում է։ Անմիջապես զանգում է ծանոթ գալերիստներից մեկին, և նույն օրն իսկ Տիգրանի բոլոր նկարները հայտնվում են նրա ցուցասրահում։
«Ճիշտն ասած ես այդքան էլ այդ ամենը լուրջ չընդունեցի։ Այն ժամանակ ուսանող էի, գումար չունեի, ու հանկարծ 2 շաբաթ անց այդ կոլեկցիոները զանգում է ու ասում, որ բոլոր աշխատանքները վաճառել է (այն ժամանակ նկարներից յուրաքաչյուրը մոտ 5 հազար եվրո էր գնահատվել)»:
Դրանից հետո նրա առջև բացվում են ոչ միայն Շվեյցարիայի, այլև եվրոպական շատ այլ երկրների ցուցասրահների դռներ։
***
2009 թվական, Նյու Յորք։
Համաշխարհային մեգաքաղաքի ռիթմը դեռ 15 տարեկանում էր Տիգրանին կախարդել, երբ նրա նկարները ցուցադրվել էին այնտեղ։ Նա հեռացել էր՝ սիրահարված մնալով Նյու Յորքին։ Եվ ահա 18 տարի անց նա կրկին այնտեղ էր։
«Ո՛չ գումար ունեի, ո՛չ էլ պատկերացում, թե ինչ եմ անելու։ Բայց որոշեցի մնալ ու բախտս փորձել, կյանքս սկսել զրոյից, որովհետև արվեստագետի համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսել նորից, կոմֆորտ զոնայի մեջ երկար չմնալ»։
Աշխատում էր օրը 24 ժամ, անդադար նկարում էր։ Մանհեթնի կենտրոնում լոֆթ վարձակալելը թանկ հաճույք էր, պետք էր մաքսիմալ ջանքեր գործադրել գոնե ամսական վարձը վճարելու համար։ Իսկ նյույուրքյան քմահաճ արվեստասեր հասարակությանը գոհացնելը դեռ հեռավոր երազանք էր։
Բայց, ինչպես ասում են, Նյու Յուրքում ժամանակը հոսում է նյույորքյան րոպեի արագությամբ, իսկ դա ավելին է, քան սովորական ժամանակի տեմպը։ Եթե տաղանդավոր ես, կարողանում ես հարմավել այդ ռիթմին, դառնալ գլխապտույտ քաղաքի մի մասնիկը և ամենակարևորը՝ քո արվեստում արտացոլել ժամանակի շունչը, ապա հաջողությունը հաստատ քեզ կողջունի։
Եվ պատահական չէր, որ մի քանի տարի անց երիտասարդ հայ նկարչի արվեստն արդեն գրավել էր ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ուշադրությունը։ Նրան էին այցելում համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բիոնսեն, Դի Կապրիոն, Սյուզան Սարանդոնը, նաև տեղացի շատ հայտնի դեմքեր։
Տիգրան Ձիթողցյանի նկարներն այսօր ցուցադրվում են աշխարհի 15 հայտնի ցուցասրահներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Մոնակոյում, Դուբայում, Լիբանանում, Թուրքիայում, Չինաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և այլուր։ Նրա նկարները վաճառվում են 150-200 հազար ԱՄՆ դոլարով և տարեցտարի է՛լ ավելի թանկանում։
«Իրականում հաջողությունը սկսվեց իմ «Հայելի» շարքից։ Դա լրիվ փոխեց իմ կյանքը»,-խոստովանում է նկարիչը։
Հայելու թեման ավելի ուշ պետք է արծարծվեր նաև ամերիկացի ռեժիսոր Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի» ֆիլմում, որտեղ կողք կողքի նկարահանվել են աշխարհահռչակ Սյուզան Սարանդոնը և Տիգրան Ձիթողցյանը, ինչպես նաև ամերիկյան այլ հայտնի դեմքեր։ Ֆիլմը կնոջ գեղեցկության մասին է, և այդ համատեքստում ֆիլմում ցուցադրվում է հայ նկարչի՝ գեղեցիկը կերտելու ստեղծագործական ընթացքը։
***
Մշակույթն ունի խնդիրներ աշխարհի բոլոր ծայրերում, անկախ երկրի զարգացման աստիճանից։ Բայց դրանք չափազանց տարբեր են։ Օրինակ, Հայաստանում, ի տարբերություն Միացյալ Նահանգների, դեռևս կայացած չէ ցուցասրահային մշակույթը։
«Պետք է լինեն գալերեաներ, որոնք կհամագործակցեն արտասահմանյան գալերեաների հետ, մեր նկարիչների աշխատանքները կներկայացվեն դրսում, դրսի արվեստագետները կներկայացվեն այստեղ։ Այսինքն, ցուցասրահը, գալերիստը, յուրօրինակ կամուրջ է արվեստագետի համար։ Ցավոք, Հայաստանում այդ մշակույթը դեռևս չկա»։
Արվեստի նկատմամբ հասարակության մոտեցումները նույնպես տարբեր են։ Եթե Հայաստանում հարուստները հպարտանում են իրենց մեքենաներով ու տներով, Միացյալ նահանգներում՝ արվեստի հավաքածուներով։ Դա նաև լավագույն ներդրումն է համարվում։
***
Նյույորքյան «բոմոնդը», համաշխարհային աստղերի հետ անմիջական շփումները, կյանքի ֆանտաստիկ ռիթմն ու արվեստի աշխարհում հաջողությունները, թվում է, թե պիտի հեռացնեին Տիգրանին արմատներից, հայաստանյան իրականությունից ու հայկական միջավայրից։ Ճիշտ հակառակը․ այդ ամենը հայրենիքը վերագնահատելու հնարավորություն էր, ինչի շնորհիվ է՛լ ավելի ջերմ կապով է կապվել Հայաստանին։
«Հայաստանն ինձ համար ամենահարազատ տեղն է աշխարհում։ Ամենալավն ինձ այստեղ եմ զգում և ամենաշատը սիրում եմ հայերին։ Կյանքիս կեսն աշխարհի տարբեր երկրներում եմ ապրել, շատ ընկերներ եմ ձեռք բերել, բայց մտերիմ ընկերներ միայն Հայաստանում ունեմ։ Տարեցտարի ավելի ու ավելի եմ ուզում իմ ազատ ժամանակն անցկացնել այն մարդկանց հետ, որոնք ինձ համար իսկապես կարևոր ու թանկ են»։
Գրեթե ամբողջ ամառ Տիգրանն անցկացնում է Երևանում, որից հետո կրկին այցելում է աշնանը ու գարնանը։ Ասում է՝ իդեալական կլինի, եթե կարողանա տարվա գոնե կեսը Հայաստանում ապրել։
Վերջերս ավարտին է հասցրել երևանյան տուն-արվեստանոցի կառուցումը, ինչը նրան ավելի է կապել հայրենիքին։ Իսկ որդին, որ անգամ հայերեն խոսել չգիտի, արդեն ուզում է ապրել Հայաստանում։