Աշխարհն առաջին աշխարհամարտից 100 տարի անց նոր աշխարհամարտի շեմին է
Սրանով սկզիբ դրվեց մարդկության նորագույն պատմությանը: Առաջին համաշխարհայինի հետևանքով փլուզվեց չորս կայսրություն` Ավստրո-Հունգարական, Ռուսական, Գերմանական և Օսմանյան: Ամենամեծ կորուստը, սակայն, կրեց հայությունը` 1,5 մլն հայ սպանվեց թուրքերի կողմից, հայերը զրկվեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից:
Մեկդարյա հեռավորությունից կարելի է հայացք գցել անցյալին ու հասկանալ, թե ինչ դասեր է քաղել մարդկությունը 12 մլն-ից ավելի մարդու կյանք խլած քառամյա համաշխարհային աղետից:
Առաջին համաշխարհայինի արտաքուստ երևացող պատճառը մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում: 1914-ի հունիսի 28-ին Սարաևոյում ահաբեկչության հետևանքով սպանվում են Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտը և նրա կինը: Ահաբեկիչը 18-ամյա սերբ ուսանող էր, որ ազգայնական «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր:
Ավստրո-Հունգարիան Սերբիային է մեղադրում սպանության մեջ ու վերջնագիր ներկայացնում: Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Ավստրո-Հունգարիային, Ռուսաստանը` Սերբիային: Իրավիճակը հետզհետե թեժանում է, և օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը:
Ավստրո-Հունգարական գահաժառանգի սպանությունը, սակայն, ընդամենը կայծ էր, որ կուտակված մեթանի պայթյուն առաջացրեց, իսկ մեթանը մինչ այդ էր աստիճանաբար կուտակվել:
Գերմանիան հակասություններ ուներ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին շահերի բախում ուներ թե՛ Ավստրո-Հունգարիայի, թե՛ Օսմանյան կայսրության հետ: Եվ ընդհանրապես պատերազմի մասնակից բոլոր երկրների շահերն էլ ինչ-ինչ հարցերում բախվում էին, պարզապես պատերազմը երկրներին միավորեց ճամբարներում, որտեղ հակասություններն ավելի քիչ էին, քան հակառակորդ ճամբարի հետ:
Այդ տարիներին գաղութների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան էր, նրան հաջորդում էր Ֆրանսիան: Գերմանիան, որ տենչում էր աշխարհում առաջատար գերտերություն դառնալ, հասկացել էր, որ այլևս աշխարհում գաղութացման ենթակա ազատ տարածքներ չկան, ուստի գաղութների թիվը մեծացնելու համար պետք էր ինչ-որ մեկից դրանք խլել: Գերմանա-ֆրանսիական հակասությունները նաև Էլզասի և Լոթարինգիայի շուրջն էին: XIX դարի վերջին տեղի ունեցած պատերազմից հետո այդ տարածքներն անցել էին Գերմանիային, սակայն ֆրանսիական բուրժուազիան ուղիներ էր որոնում դրանք վերադարձնելու համար: Պատերազմը առիթ էր Գերմանիայի համար, որ ևս մեկ հարված հասցնի Ֆրանսիային ու փակի տարածքները վերադարձնելու թեման:
Գերմանա-ռուսական շահերը հիմնականում տնտեսական ոլորտում էին բախվում, սպառման շուկաների պայքար էր ընթանում: Իսկ Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանի հակասությունը Բալկաններն ու Կովկասն էին. ազդեցության գոտիների համար պայքար էր մղվում:
Դրան զուգահեռ պետությունները մեծ թափով սպառազինվում էին: Ռազմական արդյունաբերությունը վերելք էր ապրում, և յուրաքանչյուր պետություն ձգտում էր հետ չմնալ զինտեխնիկայով ապահովվելու մրցավազքում, ինչը ևս համաշխարհային ասպարեզում ազդեցիկությունը պահպանելու գործոն էր:
Դրա հետ մեկտեղ ընթանում էր նաև հանրությանը հնարավոր պատերազմին նախապատրաստելու քարոզչությունը, ամեն կերպ ներշնչվում էր, որ պատերազմն անխուսափելի է: Միլիտարիստական քարոզչությունը հատկապես ուժեղ էր Գերմանիայում:
Այսպիսով, Առաջին համաշխարհայինը գերտերությունների քաղաքական և տնտեսական ազդեցության գոտիների պայքարի հետևանք էր: Երբ պարզ դարձավ, որ արտաքուստ խաղաղ միջոցներով այլևս հնարավոր չէ վերաբաժանել աշխարհը, դիմեցին զենքի օգնության:
Ի՞նչ է կատարվում 2014 թ.` այդ դեպքերից 100 տարի անց: Աշխարհն այս անգամ կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին և դարձյալ տնտեսական ու քաղաքական ազդեցության գոտիների համար պայքարի պատճառով:
Վերջին տասնամյակը լի է աշխարհը վերաձևելուն միտված լոկալ բախումներով, որոնք ղեկավարվում են մեծ մասամբ ԱՄՆ-ի կողմից: Այսպես, դեռ 2001-ին ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան` իբրև թե պայքար մղելու սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունն իրականացրած թալիբանների դեմ: Այնուհետև, ևս մեկ ուժի ցուցադրում տեղի ունեցավ. 2003-ին ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք` որպես փաստարկ բերելով զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը Սադամ Հուսեյնի ռեժիմի ձեռքում: Պատերազմի արդյունքում, սակայն, զենք չհայտնաբերվեց, փոխարենը ԱՄՆ-ն հաստատվեց Իրաքում ու հեռացրեց տվյալ պահին իր համար ոչ ցանկալի Սադամ Հուսեյնին:
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը զինված լոկալ բախման վերածվեց 2008-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, արդյունքում Հարավային Օսիան ու Աբխազիան անկախացան Վրաստանից:
Այնուհետև, ԱՄՆ-ն կենտրոնացավ Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: 2011-ին մեկը մյուսի հետևից հեղաշրջում կատարվեց Թունիսում, Եգիպտոսում, իսկ Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը տևեց շուրջ 10 ամիս և ավարտվեց Արևմուտքի զինված միջամտությամբ ու Քադաֆիի սպանությամբ: Բոլոր դեպքերում իշխանությունից հեռացվեցին ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի տարրերը, իսկ այդ երկրներում մինչ օրս տիրում է անկայուն քաղաքական վիճակ:
Դրան հաջորդեց քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որը 2011-ի գարնանից շարունակվում է մինչ օրս: Եվ ապստամբներին ու հեղափոխականներին ֆինանսավորում են ԱՄՆ-ն ու Արաբական լիգայի երկրները:
Այժմ գրեթե ավերակների վերածված արաբական աշխարհին գումարվել է ևս մի թեժ կետ` Ուկրաինան: Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Ուկրաինայում դեռ 2013-ի աշնանը ժողովրդական հուզումներ սկսվեցին: Պայքարն ավարտվեց երկրից նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստով: Արևմուտքի տակտիկական հաղթանակին հաջորդեց Ռուսաստանի հակազդեցությունը` Ղրիմի ինքորոշումը և ՌԴ-ին միանալու որոշումը, որը դիտարկվեց որպես անեքսիա: Սակայն Ուկրաինայի մասնատումն այսքանով չավարտվեց, Ուկրաինայի արևելյան շրջանները` Դոնեցկը, Լուգանսկը, հայտարարեցին Ուկրաինայից անկախանալու մասին: Եվ այժմ փաստացի Ուկրաինան ևս ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ:
Թեժ է իրավիճակը նաև Գազայում: Իսրայելն այստեղ հուլիսի սկզբին ռազմական գործողություններ սկսեց` հայտարարելով, որ նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն է: Պետք է նշել, որ նախկինում Իսրայելն ու Պաղեստինը Գազայի հատվածում հրադադարի պահպանման համաձայնության էին եկել:
Իրաքում ևս իրավիճակն անհանգիստ է. «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերջերս վերանվանվեց «Իսլամական պետություն», մեկը մյուսի հետևից ընդլայնում է իր տարածքները: Ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ վերահսկողության տակ է պահում Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը, որտեղ նպատակ ունի ստեղծել արաբական խալիֆայություն: Ջիհադականների կողմից վերահսկվող տարածքներում իրականացվում են զտումներ քրիստոնյաների նկատմամբ, նրանց պարտադրում են կրոնափոխ լինել կամ ամսական 250 դոլարի չափով հարկ վճարել:
Իրաքը, սակայն, չի կարողանում ուժերը միավորել և պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ. ուժեղանում են անջատողական ձգտումները նաև Իրաքի Քրդստանում: Քրդերն ուզում են անկախ պետություն հիմնել: Դա իր հերթին վտանգ է ներկայացնում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներն էլ ունեն բազմամիլիոնանոց քուրդ բնակչություն, որոնք ևս կարող են սկսել մտածել անկախ պետություն հիմնելու մասին:
Լարված է իրավիճակը նաև Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը, օգտվելով համաշխարհային իրավիճակից, փորձում է այստեղ էլ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել և ուժով, պարտադրանքով հասնել իր ուզածին: Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ-ի կողմից Արցախի առնչությամբ հակահայկական հայտարարություններ հնչում: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը, Հայաստանին իր կողմը գրավելուց հետո փորձում է հիմա էլ սիրաշահել Ադրբեջանին` ենթադրաբար սակարկելով ռուսական կողմը բռնելու գնի շուրջը: Փաստորեն, հայերի գլխին դարձյալ կախված է նույն դամոկլյան սուրը, ինչ մեկ դար առաջ էր: Հայաստանն էլի կարող է աշխարհաքաղաքական խաղերի զոհը դառնալ, բայց այս անգամ այլևս կորցնելու ո՛չ տարածքներ ունենք, ո՛չ բնակչություն:
Նկարագրված աշխարհաքաղաքական աջաբսանդալը ցույց է տալիս, որ Առաջին աշխարհամարտից 100 տարի անց վերստին պայթյունավտանգ մեթանի ամպը կուտակվել է մարդկության գլխին, և մի կայծը բավարար է, որ այլևս նահանջի տեղ չմնա: Իսկ թե ով կանի անվերադարձ քայլը և երբ` հստակ ասել հնարավոր չէ: Հստակ է մի բան. գերտերություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, իսկ զարգացող երկրներն ընդամենը զինվորներ են շախմատի խաղատախտակի վրա, որոնց կարող են շարժել, ինչպես ուզենան և զոհաբերել, երբ ուզենան: