Լավրովը` Բոլթոնի մասին
«Ես նրան ճանաչում եմ, հավանաբար, նախորդ դարի 90-ականներից: Նա աշխատել է միջազգային կազմակերպությունների գծով որպես պետքարտուղարի օգնական, ես նույն գործով զբաղվել եմ մեր արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետև նա աշխատել է որպես Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար: Մեր ուղիները հատվել են նաև այն ժամանակ, երբ ես Նյու Յորք էի գործուղվել, իսկ նա արդեն հեռացել էր պետական ծառայությունից, նա աշխատել է քաղաքագիտության տարբեր կենտրոններում», - նշել է Լավրովը:
Ինչպես նշել է Լավրովը, ինքը պարբերաբար շփվել է Բոլթոնի հետ և հաճախ նրա հետ սուրճ խմելու գնացել:
«Նա շատ հաճելի զրուցակից է, շատ բանիմաց և զարգացած անձնավորություն է: Նրա հետ խոսելը հետաքրքիր է», - ընդգծել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, արտգործնախարարը շեշտել է, որ շատ քաղաքական հարցերի շուրջ իրենք համաձայնության չեն եկել:
«Նա կտրուկ ոճ ունի` ուժային մեթոդների վրա հենվելով, այդ թվում` ռազմական և ուժային: Ինչպես գիտեք, ժամանակակից ճգնաժամային իրավիճակների հետ կապված նա շատ նման նախաձեռնություններ է առաջ քաշել», - ասել է Լավրովը:
Նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում քաղաքականությունը նախագահն է որոշում:
«Եկեք առաջնորդվենք նրանով, թե ինչ է լինելու, և այդ ժամանակ մենք կհասկանանք՝ կան փոփոխություններ, թե ոչ», - ամփոփել է Լավրովը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բոլթոնի հրաժարականը ԱՄՆ ներքին գործ էր անվանել: