Հայերեն   English   Русский  

Օրվա իշխանութունները հետևողականորեն շարունակում են իրավունքի խեղաթյուրումը


Վարազդատ Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 696

Բանկային գաղտնիքի մահը կամ Նիկոլն այդպես էլ չսիրեց բանկային գաղտնիքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով արմատական տրանսֆորմացիայի է ենթարկվում բանկային գաղտնիքի ինստիտուտը /որն իմ խորին համոզմամբ անմիջականորեն բխում է Սահմանադրութամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքներից/ և ըստ էության թուլացվում են այն օրենսդրական "պտուտակները", որոնք ապահովում էին մի կողմից բանկային գաղտնիքի ինստիտուտով պաշտպանվող հարաբերությունները, մյուս կողմից՝ տրամադրում էին պետությանն անհրաժեշտ գործիքակազմ, որով վերջինը հնարավորություն ուներ հանրային շահով պայմանավորված դեպքերում հաղթահարել բանկային գաղտնիքի խոչընդոտը: Չնայած նրան, որ առկա իրավակարգավորումները մեղմ ասած հեռու էին կատարյալ լինելուց, բայց այնումենայնիվ դրանք բավարարում էին "յուրաքանչյուրին իրեն հասանելիքը տալու" (jus suum cuique tribuens) սկզբունքի պահանջին: Այսինքն, նախատեսվող փոփոխութուններն ուղղակիորեն խախտելու են վերը նշված հարաբերակցությունը հօգուտ երկրորդի: Չեմ անդրադառնում նախագծով նախատեսվող նորմի անորոշ ու անհստակ ձևակերպումներին, քանի որ ակնհայտ է, որ որոշակիության բացակայությունը մտել է հեղինակենրի դիտավորության մեջ:

ՓՈՔՐ ԲՈՆՈՒՍ:
Բանկային գաղտնիքի վերաբերյալ իր դիրքորոշումն ունի նաև ՄԻԵԴ-ը: Օրինակ՝ Brito Ferrinho Bexiga Villa-Nova v. Portugal գործով, որով ի դեպ դիմումատուն փաստաբան էր, դատարանն արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի /մասնավոր/անձնական կյանքի իրավունքի/ խախտում, քանի որ հարկային մարմինը դիմել էր դատարան քրեական գործի շրջանակներոմ դիմումատուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առգրավելու միջնորդությամբ, իսկ դիմումատուն մասնակից չէր դարձվել միջնորդության քննությանը և հնարավորություն չէր ունեցել ներկայացնել իր առարկութունները միջնորդության վերաբերյալ /She had not therefore been involved in the proceedings at any time and had thus been unable to submit her argument/: Իսկ կարող եք գուշակել, թե ըստ նախագծի երբ է նախատեսվում անձին ծանուցել միջնորդության մասին? Այո, ճիշտ եք՝ չի նախատեսվում, այլ ընդամենը անձին ուղարկվում է դատարանի կողմից կայացված որոշումը այն էլ միայն նախաքննության վերջում՝ քրեական գործը դատախազին ուղարկելուց 10 օր առաջ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Օրվա իշխանութունները հետևողականորեն շարունակում են իրավունքի խեղաթյուրումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: