Երվանդ Մկրտչյան. «Հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ ցանկություն և նպատակ»
Հայ մարզիկը 1500 մետր վազքում գրավեց առաջին (3:46.00), իսկ 3000 մետրում՝ երկրորդ տեղը (8:18.01):
Երվանդ Մկրտչյանի մեդալների շնորհիվ Հայաստանի հավաքականն 9-րդ տեղը զբաղեցրեց թիմային պայքարում:
Անկախի հետ զրույցում Երվանդը կիսվում է տպավորություններով, միևնույն ժամանակ խոսում, սպորտում հաջողության հասնելու գրավականի մասին:
-Շնորհավորում ենք պատասխանատու ստուգատեսում հաջող հանդես գալու, ոսկե և արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
- Շնորհակալ եմ: Այս նմրցումները բավական լուրջ և պատասխանատու էին մեզ համար, քանի որ ուժեղ հավաքականների հետ էինք մրցում: Լավ նախպատարստաական շրջան էի անցել, ուրախ եմ, որ ստացվեց հաջող ելույթներ ունենալ: Կարող էի և շատ կուզեի ավելի լավ արդյունք գրանցել, սակայն նպատակային պայքարեցի մեդալի համար: Մարզչիս տված խորհուրդները կարողացա իրագործել:
Անձնական մարզիչս՝ Գրիգոր Բարսեղյանը, այս մրցումներին ինձ հետ չէր, հուսամ որ հաջորդ մրցումներին անպայման կողքս կլինի: Յուրաքանչյուր մեկնարկից առաջ լսում եմ մարզչիս խորհուրդները, բայց մրցման ժամանակ ամեն ինչ այլ է, ընթացքն է որոշում անելիքները: Այս անգամ ամեն բան շատ լավ ընթացավ: Նշեմ, որ մեզ ամեն կերպ օգնում և աջակցում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
-Ֆիզիկական պատրաստվածությունից զատ առավել կարևոր է նաև հոգեբանականը, մանավանդ վազքում, երբ հաղթողներն ու մրցանակակիրները որոշվում են աննշան տարբերությամբ:
- Մրցումներին հոգեբանորեն պատրաստ լինելն ամենից դժվարն է: Նախքան Բալկանյան երկրների առաջնությունը, Նապոլիում մասնակցեցի ունիվերսիսադային, որն այս մրցաշրջանի ամենակարևոր մրցումներից մեկն էր ինձ համար: Նշեմ, որ շատ լավ էի նախապատրաստվել, սակայն ոտքիս կանգնեցին, ինչի պատճառով չկարողացա մինչև վերջ վազել: Կարող էի մեդալ նվաճել, սակայն անգամ եզրափակիչ չմտա, ինչը հոգեբանորեն հաղթահարել շատ դժվար էր: Եվրոպայի թիմային առաջնության ժամանակ էլ կարող էի հաղթանակ տոնել, բայց կրկին ինչ-որ բան այնպես չդասավորվեց:
Բալկանյան երկրների առաջնությունից առաջ հասկացել էի, որ պետք է ամեն ինչ թողնել անցյալում, մոռանալ եղածն ու առաջ շարժվել: Ամեն բան չէ, որ մեր ցանկությամբ է լինում:
-Բուլղարիայում գրանցած Ձեր արդյունքներով բաղձալի միավորներ բերեցիք Հայաստանի հավաքականին: Մեր թիմը 19 երկրների պայքարում 9-րդ տեղը զբաղեցրեց:
-Անկեղծորեն նշեմ, որ սկզբում տեղյակ չէի, թե ինչ միավորներ եմ բերել թիմին: Միայն Հայաստան վերադառնալով եմ տեղեկացել այդ ամենի մասին, քանի որ հեռախոսս կորցրել էի և կապի որևէ միջոց չունեի: Հետո եմ իմացել, որ ընդհանուր հաշվարկով տղաների պայքարում 6-րդ տեղն ենք զբաղեցրել, իսկ թիմայինում՝ մեր հավաքականը հայտնվել է լավագույն տասնյակում: Նշեմ, որ առաջնությանը մեր հավաքականի բոլոր մարզիկները շատ լավ մասնակցեցին՝անձնական ռեկորդներ սահմանելով:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել աթլետիկայով. մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
- Ըմբշամարտի եմ հաճախել շուրջ մեկ տարի: Որոշ ժամանակ անց հասկացա, որ դա իմը չէ: Աթլետիկայով սկսել եմ զբաղվել 17 տարեկանից՝ փեսայիս՝ Հարությունյան Հարությանի խորհրդով: Փոքր տարիքից ինձ գրավում ու հետաքրքրում էին աթլետիկայի մրցումները, միշտ ցանկանում էի զբաղվել:
Մարզչիս հետ աշխատելով, իմ առջև նպատակ դնելով՝ իմ ջանքերի շնորհիվ հասա այսօրվա արդյունքներին: Ամեն ինչի համար ժամանակ է պետք. Դեռ չեմ հասել հնարավորություններիս բարձունքին: Իմ առջև նպատակ եմ դնում և ամեն գնով շարժվում առաջ:
Ինձ համար կարևոր է հաջող հանդես գալ և արդարացնել բոլորի՝ իմ, մարզչիս, ծնողներիս սպասումները: Հաճելի է, երբ գնահատում են աշխատանքդ, Ճիշտ է՝ Հայաստանում չունենք պայմաններ, բայց դա խնդիր չէ, կարևոր է ունենալ ցանկություն ու նպատակ որևէ բանի հասնելու համար:
-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
-Մշտապես մարզվել, հավատալ և վստահել սեփական ուժերին, մարզչին և Աստծոն և ամեն բան լավ կլինի: Ցանկություն է պետք: Եթե ունես նպատակ, պետք է ամեն գնով փորձես հասնել դրան և ոչ թե սպասես, որ ինչ-որ դուռ կբացվի և ամեն ինչ կկատարվի հենց այնպես: Հարկավոր է ջանք ու եռանդ չխնայել հաջողության հասնելու համար. ամեն բան կախված է մարդուց: