Հայերեն   English   Русский  

Մուշեղ Թումանյանը և իր ընտանիքը


​Հովհաննես Թումանյան 150, Մուշեղ Թումանյան -130


  
դիտումներ: 2390

Վերջերս լոռեցի գրականագետ Ֆելիքս Բախչինյանի հետ զրուցում էինք թումանյանագիտության,մասնավորապես այդ ասպարեզում մեկ այլ լոռեցու,ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի ներդրման մասին:

Զրույցի ընթացքում գրականագետը տեղեկացրեց,որ Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտ-խորհրդի երաշխավորությամբ թանգարանը և «Մուղնի» հրատարակչությունը«Արևելք- Արևմուտք» մատենաշարով հրատարակել են Հովհաննես Թումանյանի զավակներին նվիրված արժեքավոր գրքեր:Անմահ լոռեցու հոբելյանի հետ կապված հետաքրքրությունների աճին համահունչ սկսեցի փնտրել հիշատակված գրքերը: Դիմեցի շատերին, այդ թվում իմ արդեն տարիների բարեկամ, «Մուղնի» հրատարակչության հիմնադիր Ռոմեն Կոզմոյանին:Նա էլ իմ հերթական այցին անակնկալ արեց` միանգամից նվիրելով վերոհիշյալ մատենաշարով մինչև այժմ հրատարակված չորս գրքերից մեկական օրինակ.

Մուշեղ Թումանյանը և իր ընտանիքը

Աշխեն Թումանյան «Հուշեր և ընտանեական պատմություններ» /2011թ./,Արտավազդ Թումանյան «Նամականի» հատոր 1,Արտավազդ Թումանյան, Ստեղծագործություններ, հատոր 2 /2013-14թթ/ Մուշեղ Թումանյան և իր ընտանիքը /2018թ./:

Ուսումնասիրեցի և արժևորեցի բոլոր հատորները:Սակայն հաշվի առնելով, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարին հոբելյանական է նաև Թիֆլիսում 1889 թ. օգոստոսի 15-ին ծնված Մուշեղ Թումանյանի համար/130 ամյակ/նպատակահարմար գտա մատենաշարի նկատմամբ ընթերցողի հետաքրքրությունը մասամբ փարատել հակիրճ ներկայացնելով նրան նվիրված հատորյակը:Այն կազմված է երեք բաժիններից .

1.Մուշեղ Թումանյանի նամականին,ինչպես նաև որոշ գրառումներ և այլ նյութեր

2.Մուշեղ Թումանյանի կնոջ` Մարիա Սոկոլսկայայի հուշերը և նամակները:Այս բաժնի վերջում զետեղված է Մուշեղ Թումանյանի դստեր `Նադեժդայի միակ նամակը:

3.Վիգեն Թումանյանի նամականին :

Թերթում ես գիրքը ու հառնում է քո արջև Թումանյանի բազմանդամ ընտանիքի լույսն ու մութը,մասնավորապես մանկավարժ,կենսաբան Մուշեղ Թումանյանի կյանքի ոդիսականը`բանտարկություն, երբ դեռ ութերորդ դասարանում էր, մանկավարժական ջանքեր ու հաղթանաներ Կարսում ,Թիֆլիսում ,Շուլավերում…,երկրորդ բանտարկություն 1937 թ. նոյեմբերի 5-ին և վերջին նամակը բանտից 1938 թ. փետրվարի 16-ին:

Լեհուհի Սոկոլսկայայի բարեկրթության և բարձր արժանիքների մասին բացառիկ հարգանքով և ակնածաքով են արտահայտվել Թումանյանի հարազատները, նրան ճանաչողները: Հենց այդպես է նա ներկայանում իր հուշերում և նամակներում:Ընթերցողը անմիջապես կզգա նրա անկեղծություն և նվիրվածությունը մերձավորներին:Ի դեպ նրա մահը եղել է 99 տարեկան հասակում` դեռ 50-ին էլ չհասած ամուսնու 100 ամյակի տարում:Առանց հուզմունքի ուղղակի հնարավոր չե ծանոթանալ Հովհաննես Թումանյանի միակ տղա թոռի`Վիգեն Մուշեղի Թումանյանի նամակներին :Կարդում ես ու լցվում ափսոսանքով ,որ պատերազմը 1941թ անկատար է թողել նրա հետ կապված Թումանյան տոհմի երազանքները:Ինչպե հովհաննես Թումանյանի ժառանգներին նվիրված մյուս հատորները այս մեկը ևս անբարել է փաստագրական հարուստ նյութեր, լուսանկարներ բացիկներ ձեռագրերի հեռագրերի և այլ փաստաթղթերի կրկնօրինակներ:Ավարտին ներկայացված է հիշատակված անձանց ամբողջական անվանացանկը:

Ես համոզվեցի , որ Թումանյանի զավականերին նվիրված գրքերը լուրջ ներդրում են թումանյանագիտության ասպարեզում և ուրախ կլինեմ որ մատենաշարը ունենա շարունակություն:Այդ բարի ցանկությամբ էլ ուզում եմ ավարտել խոսքս, իհարկե չմոռանալով և ամենևին էլ ուշացած չհամարելով Հովհաննես Թումանայնի առաջին զավակի `Մուշեղ Թումանյանի 130 ամյակի հանրայնացումը:

Վաղարշակ Ղորխմազյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: