Հայերեն   English   Русский  

Սլավիկ Գալստյան. «Հաղթանակը հավատ ու վստահություն է ներշնչում»


  
դիտումներ: 1673

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատիվը բարձր պահեց և 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը:

Մեդալի համար պայքարում հայ մարզիկը 7:5 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիին:
Անկախի հետ զրույցում Սլավիկը կիսվում է տպավորություններով, խոսում անցկացրած գոտեմարտերի և հաջողության հասնելու գրավականի մասին:


-Շնորհավորում ենք տարվա կարևորագույն ստուգատեսում հաջող հանդես գալու և մրցանակակիր դառնալու կապակցությամբ:


-Շնորհակալ եմ: Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել` ուսումնամարզական հավաքների մասնակցելով Ռուսաստանում, Բելառուսում և Օլիմպավանում: Մարտական էի տրամադրվել, մեկնել էի մրցավայր միայն ու միայն մեդալ նվաճելու և չեմպիոն դառնալու համար:


-Ձեր բոլոր գոտեմարտերն անցան հետաքրքիր և լարված պայքարում. որևէ մեկը
կառանձնացնե՞ք:

-Մրցակիցներս փորձառու և ուժեղ մարզիկներ էին: Բոլոր գոտեմարտերն էլ բավական դժվար ստացվեցին, յուրաքանչյուրում հաղթանակի համար պայքարեցի:
Առաջին գոտեմարտը միշտ դժվար է լինում. պայքարեցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ (16:7): Երկրորդ ևս հեշտ չստացվեց. մի քանի վայրկյան էր մնացել ավարտին, պարտվում էի, բայց կարողացա հետ բերել միավորները և հաղթել ուզբեկ մարզիկին:

Կիսաեզրափակչում հանդիպեցի Ռուսաստանը ներկայացնող, աշխարհ չեմպիոն Ստեփան Մարյանյանին: Սկզբում հաղթում էի, սակայն ինչ-ինչ պատճառներով պարտվեցի:


-Հաղթանակը ի՞նչ է տալիս. ոգևորու՞մ է կամ գուցե պարտավորեցնում:

Սլավիկ Գալստյան 2019


-Հաղթանակը հավատ ու վստահություն է ներշնչում սեփական ուժերի նկատմամբ և, միաժամանակ, ոգևորում է` առաջ շարժվելու, նոր բարձունքների հասնելու ու մեդալներ նվաճելու: Բացի այդ, պատասխանատվություն եմ զգում, երբ ներկայացնում եմ երկիրս: Բոլոր մարզիկների պես միշտ ցանկանում եմ հաղթել, որպեսզի ամենաարձրը ծածանվի հայոց եռագույնը ողջ աշխարհում:


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:


-Որքան էլ մարզիկը տաղանդավոր լինի, հաջողության հասնելու համար կարևոր է աշխատասեր լինել և հավատալ սեփական ուժերին: Այդ պարագայում միայն հնարավոր կլինի նպատակներն իրագործել: Շատ կարևոր է մարզիչ-մարզիկ փոխհարաբերությունը, մեկը մյուսին պետք է հարգի, վստահի: Ես շնորհակալ եմ ազգային հավաքականի բոլոր մարզիչներին և հատկապես իմ անձնական մարզիչ Մարտին Ալիխանյանին, առանց որի այս արդյունքին չէի հասնի: Մրցագորգ դուրս գալուց առաջ էլ հարկավոր է կետրոնանալ, հաղթահարել հուզմունքը ճիշտ գործելու ու կոմնորոշվելու համար: Գոտեմարտելիս մշտապես լսում եմ մարզչիս խորհուրդները, քանի որ շատ բաներ կան, որոնք մարզիչը կողքից ավելի շուտ է նկատում և հուշում` ինչպես գործել ու աշխատել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: