ԱՄՆ սենատը կավելացնի Հայաստանին տրամադրվող օգնությունը
ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելու մասին լրացում, որը կուղղվի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, Սենատը միաձայն է ընդունել։
«Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման»,- նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։