Հայերեն   English   Русский  

Երևանում անցկացվել է ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը


  
դիտումներ: 351

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Բացման խոսքում Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «Եվրասիական միության տարանցիկ ներուժի զարգացումը» խորագիրը կրող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչներին այս կարևորագույն միջոցառմանն աջակցելու և դրան մասնակցելու կապակցությամբ։

Նիստի ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2020 թվականների համար համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») իրականացմանը, տրանսպորտի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, կաբոտաժային, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացմանը, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրերին:

Հանդիպման ավարտին նախարարները որոշում են կայացրել հաջորդ նախարարական նիստն անցկացնել 2019թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: