ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ որոշում դեռ չունի. Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը իրավական դաշտում քննարկում է այս հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթուղթը և դեռ վերջնական դիրքորոշում չունի:
«Ես հիմա չեմ ուզում ոչ մի գործընթաց խրախուսել, տարակարծության հիմքեր տալ, դրա համար, երբ որ մեր իրավաբանները կտան եզրակացությունը, խմբակցությունում կլինի քննարկում, և մինչև նիստում քննարկումը մեր դիրքորոշումը պարզ կդառնա: Փաստաթուղթն ուսումնասիրում են իրավական և իրավաբանական համապատասխանության տեսանկյունից»,-ասաց Աբովյանը:
Աբովյանի վստահեցմամբ՝ իրենց գնահատականը ևս լինելու է իրավական:
Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քեարկելու այդ նախագծին: