Հայերեն   English   Русский  

Նիկոլի մեկևկես տարվա գործունեության արդունքը զրո է


Վարդգես Օվյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 223

Իմ ընկերներից մեկը նամականիով գրառում է ուղարկել ինձ։ Գրառման հեղինակը ֆեյսբուքյան իմ նախկին ընկերներից է։

Գրել է, որ «Օվյանը այն ժամանակ պաշտպանում էր Նիկոլի հեղափոխությունը, իսկ ես ընդհակառակը՝ քննադատում ու ծաղրում էի Նիկոլին, որի համար Վարդգես Օվյանը ինձ հեռացրել է ընկերների ցուցակից»։

Ճիշտ է, այն ժամանակ ես ավելի շատ սերժիկի ռեժիմը տապալելու համար ոտքի ելած ժողովրդին էի պաշտպանում, անգամ նախապես հիշեցրել եմ այդ օրերին, որ եթե Նիկոլը նստի վարչապետի աթոռին, ես ընդդիմադիր եմ դառնալու, որովհետև մտավորականը երբեք չպիտի իշխանությունների կողքին լինի և չպիտի պալատական աշուղ լինի...
Բայց, ամեն դեպքում, ֆեյսբուքյան իմ այդ ընկերոջը հեռացնելու համար խոր ցավ զգացի։ Այդ օրերին, ցավոք, ես շատ ազնիվ ընկերներ եմ կորցրել՝ Նիկոլի պատճառով։ Անկեղծորեն ափսոսում եմ, բայց իմ այս գրառումը նրանց համար է, ովքեր այսօր, ընդհակառակը, ինձնից խռովել են, անգամ հեռացել, որ ես քննադատում եմ «բոլորի սիրելի վարչապետին»։
Մարդու մասին ամբողջական ու ճշմարիտ կարծիք են կազմում նրա արած-թողածով, նրա աշխատանքով, նրա գործունեության արդյունքներով։ Նիկոլի մեկևկես տարվա գործունեության արդունքը զրո է։ Եվ բացարձակապես ոչ մի հույս չկա, որ իր խոտան կադրերով, սեփական խոստումները դրժելով, նոր խոստումներ տալով ու պարբերաբար չկատարելով, այլոց կարծիքի վրա մշտապես թքած ունենալով, անհավասարակշիռ հայտարարություններով, կոնկրետ գործ անելու փոխարեն բոլոր ոլորտները, այդ թվում՝ ուժային և դատաիրավական մարմինները իրեն ենթարկեցնելով, նա կարող է դրական ինչ-որ բան անել։
Այնուամենայնիվ, մի բան հրաշալի հաջողվել է նրան՝ հասարակությանը, ժողովրդին, անգամ հարազատներին ու երբեմնի ընկերներին նա կարողացել է կանգնեցնել իր ստեղծած բարիկադի հակադիր կողմերում։ Մինչդեռ երկրի առաջընթացի և հզորության գրավականը միասնականությունն է, Չարենցի պատգամած հավաքական ուժն է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: